Էրդողանը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքի և փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռամադան ամսվա (մուսուլմանական պահքի ամիս) հերթական իֆթարի (հյուրասիրություն, ընթրիք՝ ծոմապահությունից դուրս գալու համար) արարողությունն անցկացրել է ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Անկարայի Չանքայա պալատում մատուցված իֆթարին հայ համայնքից մասնակցել են Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը և Թուրքիայում «Հայկական հիմնադրամների միության» Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն:

Էրդողանի հետ հանդիպմանը ներկա են գտնվել նաև Կ․ Պոլսի Հունաց Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինը, Ստամբուլի, Անկարայի ասորական ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ Յուսուֆ Չեթինը, Թուրքիայի րաբունապետ Իսաք Հալևան, Թուրքիայի ասորական կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Օրհան Աբդուլահադ Չանլըն և ուրիշներ: 

Հանդիպման բովանդակային մասի վերաբերյալ այլ տեղեկություններ չեն հաղորդվում։

--00--ԱԹ