ՌԴ-ից ժամանած վնասվածքաբան-օրթոպեդներն Արցախում վիրահատություններ են կատարել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

Արցախ ԱՆ

Ռուսաստանի Դաշնությունից ժամանած վնասվածքաբան-օրթոպեդները և «Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբան-օրթոպեդ Գագիկ Բդոյանը օրերս Հանրապետական բժշկական կենտրոնում Արցախի մասնագետների հետ կատարել են անվճար վիրահատություններ: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից: 

Կոնքազդրային հոդի բարդ վիրահատական միջամտության համար 20 էնդոպրոթեզները ձեռք են բերվել ռուսաստանաբնակ բարերար, մեր հայրենակից Էդգար Ադամյանի հովանավորությամբ:

Վնասվածքաբան-օրթոպեդները կատարել են 35 վիրահատություն՝ կոնքազդրային հոդի և ծնկահոդի էնդոպրոթեզավորում, ծնկան և ուսային հոդի արթրոսկոպիա:

Նախապես անցկացված խորհրդատվությունների միջոցով ընտրվել են համապատասխան հիվանդները: 

Ռուսաստանից ժամանած մասնագետները հավելել են, որ այսօրինակ նախաձեռնություններով փորձում են իրենց աջակցությունը բերել Արցախին, որը շարունակական է լինելու:

--00--ԱԹ