Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը զորակցություն է հայ ժողովրդին. Միրզոյան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 7, 24News 

ԱԺ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Լատվիայի Հանրապետության Սաեյմայի նախագահ Ինարա Մուրնիեցեին Լատվիայի խորհրդարանի կողմից Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող հայտարարության ընդունման կապակցությամբ, ինչը, ըստ Միրզոյանի, վկայում է արդարության, մարդասիրության, համերաշխության և մարդու իրավունքների համընդհանուր արժեքների նկատմամբ մեծագույն հանձնառության մասին: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից:

Նամակում Արարատ Միրզոյանը նշել է, որ Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը զորակցություն է հայ ժողովրդին՝ հատկապես հաշվի առնելով այն անվտանգային սպառնալիքները, որոնց առերեսվեցինք Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական 44-օրյա պատերազմի ընթացքում: Խորհրդարանի խոսնակը հավելել է՝ Արցախի ժողովրդի դեմ իրականացված զանգվածային վայրագությունները, պատերազմական հանցագործություններն ու միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ անպատժելիությունը պարարտ հող է ստեղծում անցյալի հանցանքների կրկնության համար:

--00--ԱԹ