ՄԻՊ-ի աջակցությամբ Կարեն Կիրակոսյանը ընդգրկվել է ՊՆ բնակարանային ապահովման ցուցակում

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 7, 24News 

ՀՀ ոստիկանության զորքերում պարտադիր զինվորական ծառայություն անցած Կարեն Կիրակոսյանը, ով ծառայության ընթացքում ձեռք է բերել հաշմանդամություն, ընդգրկվել է Պաշտպանության նախարարության համակարգում բնակարանային հաշվառման հերթացուցակում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

«Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված բոլոր քաղաքացիները՝ անկախ նրանից, թե որ պետական մարմնի զորքերում են ծառայել, պետք է օգտվեն նույն, հավասար արտոնություններից:

 Հենց այս մոտեցմամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի արդյունքը եղավ այն, որ ՀՀ ոստիկանության զորքերում պարտադիր զինվորական ծառայություն անցած Կարեն Կիրակոսյանը, ով ծառայության ընթացքում ձեռք է բերել հաշմանդամություն, ընդգրկվեց Պաշտպանության նախարարության համակարգում բնակարանային հաշվառման հերթացուցակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 Ըստ աղբյուրի՝ հարցի բարդությամբ պայմանավորված՝ գործընթացը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կարճ չի եղել: Հարցով կայացվել է Մարդու իրավունքների պաշտպանի որոշումը մարդու իրավունքների խախտման առկայության մասին:

 ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից նաև հայտնում են, որ որոշման կատարման փուլում Պաշտպանության նախարարության և Ոստիկանության գործընկերների հետ արդյունավետ ու հետևողական աշխատանքի արդյունքում ապահովվել է  Կարեն Կիրակոսյանի իրավունքների վերականգնումը:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս