Անմահության ճանապարհ. ոստիկան եղբայրներն իրենց կյանքը նվիրեցին հայրենիքի պաշտպանությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

Արամ և Ժորա Արզումանյաններ։ Ոստիկանության մեծ ընտանիքի ևս երկու անդամ, որոնք հանուն հայրենիքի գնացին պատերազմ ու բռնեցին անմահության ճանապարհը։ Եղբայրների պատմությունը ներկայացնում է ՀՀ ոստիկանությունը: 

Եղբայրներից կրտսերը Ժորան էր։ Ծնվել է 1991 թվականին, Արարատի մարզի Արալեզ գյուղում։ Ավարտել էր դպրոցը, ծառայել բանակում, կազմել ընտանիք։ Ունի մեկ որդի՝ Սուրենը։ 2014 թվականից ծառայում էր ոստիկանության զորքերում։

Ավագ եղբայրը՝ Արամ Արզումանյանը, ծնվել է 1986 թվականին, Արալեզ գյուղում։ Ամուսնացած էր, ունի երկու դուստր՝ Էմման ու Նարեն։ Ոստիկանության զորքերում ծառայության էր անցել 2019 թվականից։

Ինչպես հայրը՝ Սուրեն Արզումանյանն էր 90-ականներին մասնակցել Հայաստանի սահմանների պաշտպանությանը, այնպես էլ որդիները 44-օրյա պատերազմին երկու անգամ գնացին կռվելու հանուն հայրենիքի։ Առաջին անգամ՝ սեպտեմբերի 29-ին։ Մասնակցում էին Քարվաճառի պաշտպանությանը։

Մեկ ամիս անց վերադարձան Քարվաճառից։ Հանգստանալու համար մի քանի օր ունեին։

Երկրորդ անգամ Արցախ մեկնեցին նոյեմբերի 2-ին։ Այս անգամ՝ Շուշի։ Եղբայրները դարձյալ միասին էին։ Նոյեմբերի 4-ին մասնակցեցին ծանր մարտերի։ Թշնամին մեծաքանակ ուժերով հարձակում էր ձեռնարկել հայոց հինավուրց բերդաքաղաքի ուղղությամբ։ Ոստիկանության զորքերի զորախումբը Շուշիի մատույցներում շարունակում էր պաշտպանական մարտերը։ Մարտերը գնալով թեժանում էին: Եղբայրներից առաջինը զոհվեց Արամ Արզումանյանը…

Եղբայրների մարմինները հայտնաբերվեցին նոյեմբերի 13-ին։ Չորս տարի առաջ հենց այդ օրն էր Ժորան ընտանիք կազմել ու ապագայի հիմքը դրել։

Արզումանյան եղբայրները, թև ու թիկունք, կռվեցին մինչև վերջ։ Կռվեցին հանուն հայրենիքի, հանուն հայոց բերդաքաղաքի։ Կռվեցին ու դարձան հայրենիքի անմահ պաշտպաններ։

--0--ԿԿ