9 գյուղի հակակարկտային կայանների մարտկոցները գողացել էր․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Հատկապես տարվա այս եղանակին գյուղատնտեսության զարգացման համար հակակարկտային կայանների անխափան գործունեությունն առանցքային նշանակություն ունի: Պարզվում է՝ ոմանք գիտակցում են սա, ոմանց համար էլ անձնական շահն ամեն ինչից վեր է:

Ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարտ-ապրիլ ամիսներին Երասխահուն, Վարդանաշեն, Արգավանդ, Մարգարա գյուղերի հակակարկտային կայաններից գողացել են 7 մարտկոց՝ ՊՈԱԿ-ին պատճառելով 240.000 դրամի վնաս:

Քրեական հետախույզների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունները հնարավոր է կատարած լինի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցի 27-ամյա մի բնակիչ։ Նա Էջմիածնի Զվարթնոց թաղամասից բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին և տվեց խոստովանական բացատրություն։ Պարզվել է, որ նա գողացել էր նաև Արմավիրի մարզի Սարդարապատ, Արևիկ, Ալաշկերտ, Մրգաշատ, Արազափ գյուղերի հակակարկտային կայանների մարտկոցները:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Հարուցված քրեական գործն ուղարկվել է Արմավիրի քննչական վարչություն:

--00--ԱՀ