Արցախի ՄԻՊ-ը Եխ համաժողովում կարևորել է Ադրբեջանի նկատմամբ ճնշման անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 11,  24News

Գեղամ Ստեփանյան

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը մայիսի 11-ին մասնակցել է Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի կողմից կազմակերպված «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. ռազմագերիներ և հայ բնակչությանը սպառնացող վտանգները» թեմայով առցանց համաժողովին։

Համաժողովի շրջանակներում բանախոսությամբ հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը։

Պաշտպանը ներկայացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների, խեղումների և սպանությունների դեպքերը և ընդգծել, որ Ադրբեջանում ապօրինաբար պահվող ցանկացած գերեվարված անձ գտնվում է կյանքին և առողջությանը սպառնացող անմիջական վտանգի ներքո, ուստի խիստ անհրաժեշտություն է հայ գերիների անհապաղ վերադարձը հայրենիք։

Խոսելով միջազգային հանրության անելիքների մասին՝ Պաշտպանը կարևորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու անհրաժեշտությունը, նշելով որ այդ ճանապարհով հնարավոր է ստիպել Ադրբեջանին՝ իրականացնելու իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները և վերադարձնելու հայ գերիներին։

Գեղամ Ստեփանյանը կոչ է արել Եվրոպական խորհրդարանի գործընկերներին թե՛ իրենց պետությունների մակարդակով, թե՛ համաեվրոպական մակարդակով շարունակել պայքարը Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար։

Համաժողովի ընթացքում քննարկվել են նաև հետպատերազմյան հումանիտար իրավիճակը և Արցախի ժողովրդի առջև ծառացած խնդիրներն ու սպառնալիքները։

--00—ՄՀ