Իմքայլական գյուղապետի եղբորը դանակարողը տաքսի էր առևանգել․ նա վնասազերծվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

նկար

Մայիսի 11-ին Երևանում իրականացրել են ոստիկանական հատուկ օպերացիա։ Քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվող Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչը՝ 39-ամյա Վարդան Մինասյանը, Արտաշատ քաղաքից «Toyota» մակնիշի տաքսի ավտոմեքենայով ուղևորություն է վերցրել դեպի Երևան, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանները օպերատիվ ձևով կատարում են անրաժեշտ դարանակալումներ, և կասկածյալը տաքսիով հայտնվում է Արտաշատի ոստիկանների տեսադաշտում։ Երբ «Toyota»-ն մոտենում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ 1-ին փողոցի 100 հասցեին, ՃՈ ծառայողը կանգնեցնում է ավտոմեքենան և պահանջում, որպեսզի վարորդը ներկայացնի ավտոմեքենայի փաստաթղթերը։ Վարորդը իջնում է ավտոմեքենայից ու երբ մոտենում է ՃՈ ծառայողին, ավտոմեքենան առևանգվում է։ Ոստիկաններն սկսում են հետապնդել առևանգվող ավտոմեքենան, ընթացքում վնասում մի քանի ավտոմեքենաներ, սակայն առևանգիչը չի կարողանում դիմել փախուստի. հայտնվում է ոստիկանների շրջափակման մեջ, ու ոստիկանների հմուտ գործողությունների արդյունքում առևանգված ավտոմեքենան վարած Վ. Մինասյանը վնասազերծվում և բերման է ենթարկվում Արտաշատի բաժին։

Ըստ աղբյուրի՝ նա հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։ Կասկածվում է Արարատի մարզի Նորաշեն գյուղի գյուղապետի պաշտոնակատար, «Իմ քայլի» անդամ Արտակ Հարությունյանի եղբորը՝ 33-ամյա Պետիկ Հարությունյանին, դանակահարելու, նրա «Porsche Cayenne»-ն առևանգելու համար։

Քննիչի որոշմամբ նա ձերբակալվում ու տեղափոխվում է ոստիկանության Արարատի մարզային վարչության ձերբակալվածների պահման վայր։ 

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ մայիսի  3-ին ոստիկանության ծառայողները շրջայց կատարելու ժամանակ Նոր Նորք վարչական շրջանում նկատել էին առանց համարանիշների «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենա: Ունենալով հնարավոր կասկածներ՝ ոստիկանները պարզել էին, որ նշված ավտոմեքենան ապրիլի 26-ին Արարատի մարզում առևանգվել էր, ինչի առթիվ էլ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:  

Պարզվել էր՝ հայտնաբերված «Porsche Cayenne»-ը պատկանում է Արարատի մարզի Նորաշեն գյուղի գյուղապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» անդամ Արտակ Հարությունյանի եղբորը՝ 33-ամյա Պետիկ Հարությունյանին, ում ավտոմեքենան առևանգելուց առաջ դանակահարել էին: Նա Բանգլադեշում հայտնի «Նեպտունի Համիկի» սանիկն է։ Ոստիկանները պարզել էին նաև ավազակային հարձակում կատարող կասկածյալների ինքնությունը. նրանք են Արարատի մարզի բնակիչ, 39-ամյա Վարդան Մ.-ն, Երևանի բնակիչներ, 28-ամյա Երջանիկ Կ.-ն և 26-ամյա Դավիթ Կ.-ն: Վերջիններս հարազատ եղբայրներ են: 

--00—ԼՄ