Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 12,  24News 

Մայիսի լույս 12-ի գիշերը ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի, ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի, ինչպես և ՊՊԳՎ ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումը ղեկավարում էր ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Նախքան մեկնարկը Ֆրանսիայի հրապարակում անձնակազմը հրահանգավորվեց։ Կամո Ցուցուլյանը ծառայությունների ղեկավարներին ներկայացրեց ուժեղացված ծառայության նպատակները՝ հանցագործությունների և հասարակական կարգի դեմ ուղղված ցանկացած ոտնձգության կանխում և բացահայտում, ինչպես և հսկողություն ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ։

Անձնակազմից պահանջվեց քաղաքացիների հետ շփումներում լինել կոռեկտ, միևնույն ժամանակ՝ խիստ, գործել բացառապես օրենքի տառին համապատասխան ու իրավաչափ։ Հրահանգավորումից հետո անձնակազմն անցավ ուժեղացված ծառայության։ Հայտնաբերվեցին ճանապարհային երթևեկության կանոնների մի քանի տասնյակ խախտումներ։ Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 16 ավտոմեքենա։

Հայտնաբերվեցին հետախուզման մեջ գտնվող՝ 8, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 7, թաղանթապատված դիմապակիով՝ 3, առանց համարանիշերի՝ 2, փոխարինված համարանիշերով՝ 2, համարանիշը փակված՝ 2, համարանիշերը ոչ սահմանված վայրում փակցված՝ 13  տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվեց նաև վարորդական իրավունքի վկայական չունեցող՝ 2, ոչ սթափ վիճակում գտնվող՝ 3 անձ։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։ 

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս