Պարտիզակում սպանել են պատերազմում զոհվածի հորը․ հայտնի է պատճառը

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 12,  24News 

․

Արագածոտնի մարզի Պարտիզակ գյուղում մայիսի 5-ին վիճաբանություն է տեղի ունեցել համագյուղացիներ 64-ամյա Աբրահամ Գրիգորյանի եւ Մուշեղ Բաղդասարյանի միջեւ. միջադեպի հետեւանքով Աբրահամ Գրիգորյանը ստացել է մարմնական վնասվածքներ ու մահացել։

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ վիճաբանության պատճառը Քարվաճառից բերած 13-րդ դարի խաչքարն է եղել։

Մեզ հետ զրույցում 64-ամյա Աբրահամ Գրիգորյանի որդին՝ Միհրան Գրիգորյանը, պատմեց, որ վիճաբանություն է տեղի ունեցել խաչքարի պատվանդանի տեղափոխման համար, համագյուղացին խոչընդոտել է տեղափոխմանը.

«Խոչընդոտել է, որ հայրս տեղափոխությունն իրականացնի, ու այդ վիճաբանության հետեւանքով այսպես է եղել։ Անհիմն վիճաբանություն է եղել, դա այդ մարդուն ընդհանարապես չի վերաբերել։ Եթե չէր օգնելու, գոնե պետք է վատություն չաներ։ Այդ խաչքարը եղբորս ու հորս հետ տեղափոխել ենք Քարվաճառից։ Այնտեղի բնակիչ ենք եղել, ամեն ինչ կորցրել ենք, բայց դրա մասին չենք մտածել, խաչքարն ենք բերել, փրկել ենք խաչքարը։ Եղբայրս էլ որ զոհվել է, գյուղում էլ խաչքար չկար, որոշեցինք դա տեղադրել»։

Միհրան Գրիգորյանն ասաց, որ եղբայրը 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվել է, ինքը նույնպես պատերազմի մասնակից է։

«Արվում էր սուրբ գործ, խաչքար փրկել, բերել, տեղադրելը սուրբ գործերից մեկն է։ 13-րդ դարի խաչքար էր, պատմական խաչքար»,- նշեց նա։

Միհրան Գրիգորյանն ասաց, որ Մուշեղ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրված։

«Ժամանակատար գործողություն է դա, նախաքննություն է ընթանում։ Դիմել ենք իրավապահ մարմիններին, ամեն ինչ օրենքի սահմաններում այդ գործը ընթանում է։ Նախաքննության արդյունքներից հետո կասեմ՝ գոհ եմ աշխատանքից, թե ոչ։ Այդ դեպքին կան ականատեսներ, ընթանում են օրինական գործընթացներ»,- ասաց նա։

--00--ԱՀ