Պետդեպն իր զեկույցում անդրադարձել է Շուշիի ու Մեխակավանի եկեղեցիների նկատմամբ վանդալիզմին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

ամն

ԱՄՆ պետքարտուղարությունը Կրոնական ազատության մասին տարեկան զեկույց է ներկայացրել, որի շրջանակում անդրադարձել է նաև Արցախյան պատերազմին և նոյեմբերի 9-ից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ վանդալիզի դրսևորումներին։ 

Զեկույցում հիշատակվում է հակամարտության ընթացքում՝ հոկտեմբերի 8-ին, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի վրա ադրբեջանական ուժերի գերճշգրիտ հարվածների մասին, որի ժամանակ տեղում աշխատող լրագրողներ են եղել, և որ չկա ապացույց, որ տարածքն օգտագործվել է ռազմական նպատակներով։ Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերքել էր եկեղեցու նպատակաուղղված ռմբակոծությունը՝ հայտարարելով, որ այն պատահաբար է պայթեցվել կամ արվել է հենց հայերի կողմից։ 

Զեկույցում անդրադարձ կա նաև Դադիվանք վանական համալիրի՝ ՌԴ խաղաղապահների կողմից պաշտպանությանը։ Նշվում է, որ Հայաստանում մտավախություն կա, որ, գտնվելով ադրբեջանցիների վերահսկողության տակ, եկեղեցու ոչնչացումն անխուսափելի կլիներ։ Զեկույցում հիշատակվում է նաև Շուշիի Կանաչ ժամի նկատմամբ իրականացված վանդալիզմը։

«Հայկական ԶԼՄ-ները հաղորդել են, որ ինչպես աշնանային մարտերի ժամանակ, այնպես էլ դրանից հետո, Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները միտումնավոր հարձակվել են պատմական, կրոնական և մշակութային նշանակության հուշարձանների վրա: Նոյեմբերի 14-ին մի մարդ, որին տեղական լրատվամիջոցները նույնականացրել են որպես ադրբեջանցի, Facebook-ում տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով Շուշիում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ոչնչացված գմբեթները և զանգակատունը»,- ասվում է զեկույցում, նաև հիշատակվում, որ համացանցում տարածվել են տեսագրություններ, որոնցում ադրբեջանցի զինվորները պղծել և վնասել են նաև Մեխակավանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին, կոտրել խաչը:

Զեկույցում անդրադարձ կա նաև Ադրբեջանում կրոնական հանդուրժողականության մթնոլորտին։ Նշվում է, որ ադրբեջանցի իրավապաշտպանները և այլ կազմակերպություններ հաղորդում են, որ կառավարությունը շարունակում է ֆիզիկապես ծաղրել և ձերբակալել կրոնական ակտիվիստներին։

Մանրամասները՝ այստեղ։

--00—ԼՄ