Արթուր Վանեցյանը ժամանակին գիտակցեց նորելուկ շնագայլերի ողջ իրական էությունը. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Սարգսյան Վանեցյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի կազմավորման համագումարի ժամանակ անդրադարձավ հարցին՝ ինչո՞ւ է ՀՀԿ-ն դաշինք կազմում «Հայրենիք» կուսակցության հետ:

«Երբեմն ես լսում եմ, թե՝ Վանեցյանը, որպես ԱԱԾ տնօրեն, հետապնդումների առաջամարտիկ է, ինչպե՞ս եք նրա հետ դաշինք կազմում: Շատ պարզ. Արթուր Վանեցյանը ժամանակին գիտակցեց նորելուկ շնագայլերի ողջ իրական էությունը, անձամբ կանգ առավ և կոչ արեց նաև մյուսներին: Ավաղ, նրան չլսեցին»,- նշեց Սարգսյանը:

Նա անդրադարձավ նաև գործող իշխանությունների օրոք իր հարազատների նկատմամբ հետապնդումներին:

«Դժվար կգտնվի մի մարդ, ով այս իշխանությունների հետապնդումներից ավելի է տուժել, քան ես, իմ ընտանիքն ու մերձավոր շրջապատը: Սա ասելով՝ ես հասկանում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր խնդիրն ամենացավոտն է համարում, սակայն անձնական զգացողությունները, ամբիցիաներն ու քաղաքական կոնյունկտուրան անցողիկ են և խիստ երկրորդական՝ այն առաքելության համեմատ, որ ունի յուրաքանչյուր գիտակից հայ գործիչ մեր երկրում ստեղծված ճգնաժամի պարագայում»,- ասաց նա:

Ընտանիքի օրվա առթիվ շնորհավորելով՝ Սարգսյանը նշեց, որ Հայաստանում այսօր ոչ թե 5000 նոր գերեզման պիտի ավելանար, այլ 5000 նոր հարսանիք, կնունք ու ծնունդ լիներ, եռագույնները պիտի ծածանվեին ոչ թե մեր հերոսների շիրիմներին, այլ հայոց բանակի հաղթական շքերթներին:

«Մեր արցունքները պիտի ուրախության, ոչ թե ողբերգության հույզերից ծնվեին: Մեր հերոսների ընտանիքներին, ողջ ժողովրդին բոլորս պարտք ենք՝ արժանապատվություն, հույս և խաղաղ ու անվտանգ, բարեկեցիկ և հզոր Հայաստան»,- նշեց երրորդ նախագահը:

--00--ԱԹ