ՀՀ-ն երբեք «Զանգեզուրի» միջանցքի հարց չի քննարկել ու չի քննարկվելու․ Փաշինյանը՝ ԱԽ նիստին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի շրժանակում անդրադարձել է եղել նաև շրջանառվող խոսակցություններին, թե Սյունիքի մարզում ադրբեջանցի զինվորակաները տարածքը կլքեն «Զանգեզուրի միջանցքի» դիմաց։

«Ուզում եմ կրկին հիշեցնել, որ Հայաստանում արդեն բավական երկար ժամանակ կառուցվում կամ զարգացվում է նաև Ադրբեջանի նախագահի կողմից բարձրաձայնվող «Զանգեզուրի միջանցքի» թեզը: Եվ շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ այստեղ նույնպես հայտնի քաղաքական շրջանակները հանդես են գալիս որպես Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ:

Ուզում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու: Այն քննարկումները, որ մենք ունեցել ենք, հրապարակային են, դրանք արտահայտված են հունվարի 11-ի համատեղ հայտարարության և եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ կապված պաշտոնական տեղեկատվության մեջ: Ուզում եմ ասել, որ տարածաշրջանի կոմունիկացիների բացումը, այո՛, մեր քաղաքական օրակարգում է, բայց դա որևէ կերպ չի կարող կապ ունենալ «միջանցքային» պրոպագանդայի հետ, որն այսօր շարունակում են քարոզել Ադրբեջանի և Հայաստանի կոնկրետ քաղաքական շրջանակներ»,-ասել է Փաշինյանը։

ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ կոմունիկացիաների բացման ու սահմանների ճշգրտման գործընթացն ինչքան անհրաժեշտ է Ադրբեջանին, այնքան էլ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը:

«Եվ սահմանների ճշգրտման առումով կա մի այսպիսի նրբություն. վերջին օրերին ադրբեջանական պրոպագանդան փորձ է անում առաջ քաշել այն միտքը, որ սահմանների ճշգրտման գործընթացը պետք է տեղի ունենա երկկողմ ֆորմատով: Նման բան տեղի ունենալ չի կարող այն պարզ պատճառով, որ Հայաստանը և Ադրբեջանն իրար հետ, ըստ էության, չունեն հարաբերություններ: Եվ ինչպես կոմունիկացիաների բացման, նույնկերպ և սահմանների ճշգրտման գործընթացը պետք է տեղի ունենա եռակողմ ֆորմատով, ինչի շուրջ մի քանի անգամ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և այդ պայմանավորվածությունների խախտումը կամ խափանումն է նաև, իմ կարծիքով, Ադրբեջանի զինված ուժերի և ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների պատճառը»,-ասել է Փաշինյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

--00—ԼՄ