Արցախի թանգարաններում միջոցառումներ կկազմակերպվեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

թանգարան

ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մայիսի 18-ին՝ թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, Արցախի Հանրապետության թանգարաններում կկազմակերպվեն «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել» խորագրով միջոցառումներ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի խոսնակ Մերի Սարդարյանը:

Ստորև ներկայացնում ենք նախատեսվող միջոցառումների ցանկը. Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում 12:00-ին տեղի կունենա «Արցախյան ազգագրություն» թեմայով ցուցահանդես, իսկ 16:00-ին՝ «Արցախի վերահսկողությունից դուրս մնացած թանգարանների և թանգարանային արժեքների անհայտ ճակատագիրը» թեմայով դասախոսություն:

Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանում 12:00-ին «Վտանգված մշակույթ, վտանգված մշակութային արժեքներ» թեմայով դասախոսություն կկազմակերպվի:

Մարտունու պատմաերկրագիտական թանգարանում ժամը 11:00-ին «Մարտունու շրջանի ձեռագործ աշխատանքների առանձնահատկությունները» թեմայով ցուցահանդես կլինի, 15:00-ին՝ «Մարտունին 44-օրյա պատերազմում» թեմայով դասախոսություն:

Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարանում ժամը 12:00-ին «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» թեմայով ցուցահանդես կկայանա:

Կոլխոզաշենի Մ. Պարսեղովի տուն-թանգարանում ժամը 14:00-ին «Կոլխոզաշեն գյուղի պատմական անցյալը և մարտահրավերները» թեմայով ցուցահանդես և դասախոսություն կկազմակերպվի։

Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում (միջոցառումները կկազմակերպվեն Ստեփանակերտի պատկերասրահում)՝ 11:00-ին «Շուշին ներկապնակում» թեմայով դասախոսություն կլինի, 15:30-ին՝ գեղանկարի ցուցահանդես, 16:00-ին՝ ձեռարվեստի վարպետության դաս. օրվա ընթացքում «Ես եղել եմ Շուշիի թանգարաններում» թեմայով լուսանկարչական առցանց ցուցադրություն:

Շուշիի պատմության թանգարանում (միջոցառումը կկայանա Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում)՝ 16:30-ին «Մշակութային Շուշին» թեմայով ցուցահանդես և դասախոսություն։

Ժամը  18:30-ին՝ «Քարվաճառի շրջանի պատմությունը և ուսումնասիրությունները» թեմայով  կկազմակերպի   դաս-դասախոսություն Երևանի   Հովհաննես Թումանյանի անվան   տուն-թանգարանում:

Ստեփանակերտի պատկերասրահում ժամը 15:00-ին կկայանա արցախցի նկարիչների գործերի ցուցադրություն՝ «Հիշողության անուրջներ» խորագրով:

Նույն օրը՝ ժամը 10:00-ին, ««Տիգրանակերտ» պատմահնագիտական պետական արգելոցի և Տողի մելիքական ապարանքի մշակութային արժեքները» թեմայով դասախոսություն կլինի ԱրՊՀ-ում։

--00--ՄՀ