Ալիևը ՌԴ-ի հետ «Զանգեզուրի միջանցքի» հարց չի կարող քննարկել. սեփականատերը ՀՀ-ն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Մհեր Գրիգորյան

2021թ. հունվարի 11-ի հայտարարության կետերի համաձայն՝ ստեղծված աշխատանքային խմբում «Զանգեզուրի միջանցքի» կամ որեւէ միջանցքի հարց չի քննարկվել եւ չի քննարկվում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Նշենք, որ մայիսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցք» է լինելու: Նա նշել էր, թե Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով ստեղծված աշխատանքային խումբը լուրջ քայլեր է ձեռնարկել: Ալիեւը հայտարարել էր նաեւ, թե իբր «Ռուսական երկաթուղիներ»-ը Հայաստանի երկաթուղիների սեփականատերերն են, այդ պատճառով Բաքուն այդ հարցն ավելի շատ քննարկում է ռուսական կողմի հետ։

Մհեր Գրիգորյանի գրասենյակից մեզ հայտնեցին, որ փոխվարչապետների մակարդակով քննարկումներն ընթանում են տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ:

«Հայտնի է նաեւ, որ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ը չի հանդիսանում Հայաստանի երկաթուղիների սեփականատեր, երկաթուղային ենթակառուցվածքի սեփականատեր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը»,- նշել են փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակից:

Իսկ, թե ինչ դիրքորոշում ունի ռուսական կողմն այս հարցի վերաբերյալ, Գրիգորյանի գրասենյակից ասացին, որ աշխատանքային խմբում ներգրավված այլ կողմերի դիրքորոշումները չեն մեկնաբանում:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս