ՀԱՊԿ պատասխանատվության տարածքի նկատմամբ որևէ ոտնձգության անթույլատրելի է․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Վոլորդին

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել ռուս գործընկերների հետ՝ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ:
 
Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Պետական դումայի նախագահն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ հիմնված երկխոսության և ռազմավարական գործընկերության վրա: Նա հավելել է, որ ռուսական կողմը բարձր է գնահատում և կարևորում է հայ-ռուսական հարաբերությունները՝ վստահություն հայտնելով, որ համավարակի հաղթահարմանը զուգահեռ շփումերը տարբեր մակարդակներում առավել կակտիվանան:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով Մոսկվա պաշտոնական այցի հրավերի համար, իր հերթին երկրորդել է, որ հայ-ռուսական փոխգործակցությունը դինամիկ կերպով զարգանում է:
 
Հայաստանի խորհրդարանի խոսնակը ռուս գործընկերներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը, հիշեցրել, որ մինչ օրս Ադրբեջանն ամբողջությամբ չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձին առնչվող դրույթը: Անդրադարձ կատարելով Ադրբեջանի զինուժի՝ ՀՀ տարածք ներխուժելուն՝ ընդգծվել է Հայաստանի Հանրապետության և ըստ այդմ՝ ՀԱՊԿ պատասխանատվության տարածքի նկատմամբ որևէ ոտնձգության անթույլատրելիությունը:
 
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել վերոնշյալ հարցերը քննարկել համապատասխան բազմակողմ հարթակներում:

Հանդիպման ընթացքում երկու պատվիրակությունների անդամները մտքեր են փոխանակել հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի, երկկողմ և բազմակողմ հարթակներում մի շարք ուղղություններով հարաբերությունների ընդլայնման շուրջ:

--00—ՄՀ