Արցախի ՄԻՊ-ը Միյատովիչին կոչ է արել պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Արցախ ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, որում մասնավորապես ասված է․

«Հարգելի´ տիկին Միյատովիչ,

Որպես Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան հայտնում եմ Ձեզ իմ պատրաստակամությունը համագործակցելու հանուն մարդու իրավունքների պաշտպանության, որն այսօր մեր երկրի համար էլ ավելի կարևոր է` հաշվի առնելով ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի առջև ծառացած հումանիտար խնդիրների ծավալն ու բարդությունը: 

2020թ. աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվել են միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, ինչը հանգեցրել է Արցախում հումանիտար դժվարագույն իրավիճակի։ Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր և չտարբերակված ձևով թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը, երեխաներին, տարեցներին, լրագրողներին, հայկական մշակութային ժառանգությունը․ նրանք սպանել են գերեվարված հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց, խեղել և խոշտանգել նրանց մարմինները:

Այսօր, պատերազմի հետևանքով, չնայած մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կոչերին, Ադրբեջանում անհայտ պայմաններում 200-ից ավելի ռազմագերիներ են պահվում, շուրջ 40.000 մարդ դարձել է ներքին տեղահանված, մի շարք հայկական մշակութային հուշարձաններ մինչ օրս ենթարկվում են վանդալիզմի և ոչնչացվում: 

Պատերազմի հենց առաջին օրվանից Պաշտպանը նախաձեռնել է փաստահավաք առաքելություն՝ նպատակ ունենալով ուսումնասիրելու և արձանագրելու պատերազմի ընթացքում և պատերազմից հետո Ադրբեջանի կողմից իրականացված խախտումներն ու ռազմական հանցագործությունները: Փաստահավաք առաքելության արդյունքներն ըստ թեմաների առանձին ներկայացվել են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից պատրաստված տասնյակից ավելի արտահերթ զեկույցներում:

Կցանկանայի նշել, որ հետպատերազմյան հումանիտար իրավիճակի գնահատման ուղղությամբ փաստահավաք աշխատանքները շարունակվում են և միջազգային գործընկերների, խորհրդարանական մարմինների և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայությունը տեղում իրավիճակը գնահատելու առումով շատ կարևոր է։

Իմ կողմից ուզում եմ ևս մեկ անգամ հայտնել իմ պատրաստակամությունը և կոչ անել` փոխադարձ ջանքեր գործադրելու Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելու ուղղությամբ, քանզի միջազգային հանրության պարտականությունների մեջ է մտնում ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը աշխարհի բոլոր անկյուններում` անկախ տարածքի միջազգային կարգավիճակից, ներառյալ Արցախը»:

--00--ԱԹ