ՀՀ ՄԻՊ-ը ԵԽ-ի և МГИМО-ի միջոցառմանը ներկայացրել է COVID-19-ի պայմաններում աշխատանքի փորձը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Հաշվի առնելով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի առաջատար փորձը COVID-19 համավարակի պայմաններում՝ մայիսի 17-ին Արման Թաթոյանը Մոսկվայում բարձրաստիճան միջոցառմանը հանդես է եկել ելույթով և ներկայացրել COVID-19 համավարակի պայմաններում աշխատանքի առանձնահատկությունները, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:

«Մարդու իրավունքների ոլորտի սահմանադրական և միջազգային երաշխիքների իրականացումը Ռուսաստանի օրենսդրությունում և պրակտիկայում» խորագրով միջազգային բարձրաստիճան միջոցառումը կազմակերպել են Եվրոպայի խորհուրդը և Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը (ռուս.՝ МГИМО):

Պաշտպանը, նախևառաջ անդրադարձել է ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության հետ արդյունավետ աշխատանքներին, համատեղ ծրագրերին՝ մարդու իրավունքները զինված ուժերում, մարդու իրավունքները բիոէթիկայի ոլորտում, ՄԻԵԴ վճիռների կատարման հարցում և այլն: Օրինակ՝ բիոէթիկայի ոլորտում ծրագիրն ուղղված է պացիենտների իրավունքների պաշտպանությանը, իրազեկման բարձրացմանը և դա իրականացվում է ԵԽ հետ:

«Տեղեկատվությունը, հաղորդակցությունը և առողջապահական գրագիտությունը COVID-19 համավարակի պամաններում» թեմայով զեկույցով Արման Թաթոյանը մանրամասն անդրադարձել է Նոր կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի հիմքով արտակարգ դրության ընթացքում Պաշտպանի գործունեության առանձնահատկություններին, իրավունքների պաշտպանության հարցում մարտահրավերներին: Պաշտպանն ընդգծել է, որ COVID-19-ի համաճարակի ընթացքում մարդկանց իրավունքների արդյունավետ պաշտպանության և փորձի փոխանակման նպատակով արդյունավետ համագործակցություն և քննարկումներ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի հետ։ Աշխատանքի առանձին ուղղություն է նաև պարբերաբար քննարկումները ՌԴ-ում բնակվող հայերի իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ինչպես նաև քաղաքացիների համատեղ ընդունելությունները։

Համաժողովի ընթացքում քննարկվել են նաև Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի կիրառման, ՄԻԵԴ դիմումներ ներկայացնելու և նախադեպային իրավունքին, «Իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների կրթության» ծրագրին, COVID-19 համավարակի պայմաններում տեղեկատվության փոխանակման, հաղորդակցության և առողջապահության մասին գրագիտության առնչվող հարցեր։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ելույթի ժամանակ ներկայացրել է նաև Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ և մասնակցությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը՝ որպես միջազգային լավագույն փորձի օրինակ: Նշվել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը երրորդ կողմ է ներգրավել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանին վերաբերող գործի շրջանակներում, ինչպես նաև Եվրոպական դատարանի վճիռների կատարման գործընթացում Պաշտպանի համագործակցության փորձը պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ:

Միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում Մարդու իրավունքների դաշնային հանձնակատարը, ՌԴ գործադիր, դատական իշխանության բարձրագույն մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ, Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) անդամներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ