Սահմանվել է ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության վճարովի եթերաժամի գինը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News 

եթեր

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում մայիսի 18-ին գումարված նիստում սահմանվել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտարական քարոզչության ժամանակահատվածի վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի օրակարգում եղել է Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը սահմանելու մասին» հարցերը:

«Հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով ընտրեցին հաղթողներին: Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթների մասնակիցության համար հայտ էր ներկայացրել երկու ընկերություն՝ Արարատի մարզում «ԷՖ թիվի» և Վայոց ձորի մարզում՝ «Ձագեձոր հեռուստաընկերություն» ՍՊ ընկերությունները, որոնք վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել են համապատասխանաբար 527 և 415 միավոր»,- նշում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից:

Մրցույթի անցողիկ նվազագույն շեմը 280, իսկ առավելագույնը՝ 840 միավորն է։

Անդրադառնալով օրակարգի հաջորդ հարցին՝ նշվել է, որ համաձայն ՀՀ նախագահի 2021 թվականի մայիսի 10-ին ստորագրած «Ազգային Ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին» հրամանագրի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման օր է նշանակվել 2021 թվականի հունիսի 20-ը:

Հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգիրքը, հանձնաժողովը սահմանեց ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրության նախապատրաստման քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը հանրային ռադիոյի համար 1 800 ՀՀ դրամ (ներառյալ՝ ԱԱՀ-ն) իսկ հանրային հեռուստատեսության համար՝ 45 000 ՀՀ դրամ (ներառյալ՝ ԱԱՀ-ն):

--00—ՄՀ