Որոշվել էր՝ ադրբեջանցիները պետք է հետ գնան, սակայն նահանջ չի եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Քաղաքական

Սյունիքում իրավիճակը նույնն է, ինչ մինչև բանակցությունները։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը:

Նա նշեց, որ նախորդ բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել, որ ադրբեջանցիները պետք է հետ գնան, սակայն մինչև հիմա նահանջ չի եղել։

Անդրադառնալով դիտարկմանը, թե լուրեր կան այն մասին, որ խնդրահարույց տարածքը կիսվելու է, նա նշեց․ «Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում»։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում ու սոցկայքերում մայիսի 12–ին լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Արդեն մի քանի օր է, ինչ այս տարածքի հետ կապված բանակցություններ են ընթանում, սակայն դրանք որևէ արդյունք չեն տվել։