ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը սկսել է Հայաստանում արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

ժմիգ

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ), ազգային իշխանությունների հրավերով, մայիսի 19-ին սկսել է հունիսի 20-ին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությունը։

Առաքելությունը գլխավորում է Էոհան Մերֆին։ Առաքելության կազմում 11 միջազգային փորձագետ է ԵԱՀԿ ինը երկրից։

ԺՀՄԻԳ-ը պահանջել է ուղարկել 24 երկարաժամկետ դիտորդի, ովքեր կտեղակայվեն երկրով մեկ՝ սկսած մայիսի 26-ից։

Առաքելությունը կգնահատի, թե ինչ չափով է ընտրությունների անցկացումը համապատասխանելու միջազգային պարտավորություններին եւ ժողովրդավարական ընտրությունների չափորոշիչներին, ներառյալ այն պարտավորությունները, որոնք համաձայնեցված են ԵԱՀԿ բոլոր երկրների հետ, ինչպես նաեւ գնահատելու են դրանց համապատասխանությունն ազգային օրենսդրությանը։ Դիտորդներն ուշադիր կհետեւեն օրենսդրական բազային եւ դրա իրականացմանը, ինչպես նաեւ ընտրարշավի անցկացման գործունեությանը, ընտրական հանձնաժողովների եւ համապատասխան պետական մարմինների աշխատանքին, ներառյալ ընտրողների գրանցումն ու ընտրավեճերի կարգավորումը։ ԶԼՄ մոնիթորինգը նույնպես դիտորդների գործունեության անբաժանելի մասը կկազմի։

ԺՀՄԻԳ-ը ծրագրում է նաեւ 250 կարճաժամկետ դիտորդ խնդրել ԵԱՀԿ մասնակից պետություններից՝ ընտրությունների օրվա իրադարձություններին հետեւելու համար։ Սակայն դա կախված է COVID-19 համավարակով պայմանավորված սահմանափակումների հետ։

Մարզային իշխանությունների եւ քաղաքական կուսակցությունների ղեկավար ներկայացուցիչների, ինչպես նաեւ դատական համակարգի, քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպումները տեղի կունենան դիտորդական առաքելության ողջ ընթացքում։ Ընտրությունների օրը ԺՀՄԻԳ առաքելությունը ջանքերը կմիավորի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) պատվիրակության հետ։

Միջանկյալ հաշվետվությունը հանրությանը եւ ԶԼՄ-ին իրազեկելու համար կհրապարակվի դիտարկումների ընթացքում։ Ընտրությունների հաջորդ օրը նախնական եզրակացությունները կներկայացվեն մամուլի ասուլիսում։ Վերջնական հաշվետվությունը, որում կներկայացվեն ողջ ընտրական գործընթացի դիտարկման արդյունքները, կհրապարակվի ընտրական գործընթացի ավարտից մոտ երկու ամիս հետո։

--00—ԼՄ