Մոսկվայում տեղի են ունեցել հայ-ռուսական քաղաքական խորհրդակցություններ․ օրակարգը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

նկար

Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի են ունեցել հայ-ռուսական քաղաքական խորհրդակցություններ՝ նվիրված երկու երկրների միջև համագործակցությանը բազմակողմ հարթակներում: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, ռուսական կողմից խորհրդակցություններին մասնակցեցին ԱԳ նախարարի տեղակալներ Սերգեյ Վերշինինը և Ալեքսանդր Գրուշկոն, հայտնում են ԱԳՆ-ից:

Խորհրդակցությունների ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ և ՌԴ միջև փոխգործակցությանը և կողմերի համար կարևորություն ներկայացնող խնդիրներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցերի շուրջ: Այդ առնչությամբ Արտակ Ապիտոնյանը առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել 2020թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար հարցերին, այդ թվում` հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց ազատ արձակմանը։

Գոհունակություն հայտնելով միջազգային կառույցներում երկու երկրների միջև առկա արդյունավետ համագործակցության մակարդակի կապակցությամբ՝ երկուստեք կարևորվել է բազմակողմ հարթակներում հարաբերությունների շարունակական խորացումը:

--00—ԼՄ