Պահանջում ենք իշխանություններից անհապաղ հրապարակել սահմանազատման մասին փաստաթուղթը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Ազատ դեմոկրատներ

Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև քննարկվող Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման իրականացման վերաբերյալ փաստաթղթի նախագծի գոյության հանգամանքն այսօր՝ կառավարության նիստի ընթացքում հաստատվեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից: Ավելին, վերջինս նշեց, որ եթե Ադրբեջանը համաձայնի այն պայմանավորվածություններին, որոնք դրված են այդ փաստաթղթի բանակցման գործընթացում, ապա ինքն այդ փաստաթուղթը ստորագրելու է: Պահանջում ենք իշխանություններից անհապաղ հրապարակել նշյալ փաստաթուղթը, որը վերաբերում է սահմանազատման և դրան ուղղակիորեն առնչվող հարցերին, նկատի ունենալով այն հանգամանքը, որ սահմանազատման գործընթացն ուղղակիորեն առնչվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կենսական շահերին և անքակտելի իրավունքներին: Ավելին՝ այն ինչ ենթադրում է վերոնշյալ փաստաթուղթը Գեղարքունիքի, Սյունիք և Տավուշի մարզերի վերաբերյալ, ոչ այլ ինչ է, քան ՀՀ փաստացի ճանաչված սահմանների փոփոխություն, հետևաբար նաև ՀՀ տարածքային ամբողջականությանն ուղղակիորեն վերաբերող խնդիր: Իսկ ՀՀ Սահմանադրության 205 հոդվածը հստակ սահմանում է. «…Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով»: Ուստի, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը որևէ իրավունք չունի ստորագրելու վերը նշված փաստաթուղթն առանց ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նորմերի ամբողջական իրացման, հակառակը կնշանակի ՀՀ Սահմանադրության կոպտագույն խախտում: Փաստաթղթի նախագիծը չհրապարակելը և ՀՀ քաղաքացու թիկունքում ՀՀ Սահմանադրության ոտնահարմամբ նման փաստաթղթի ստորագրումն ու դա որպես կայացած փաստ ներկայացնելը հղի է անդառնալի հետևանքներով մեր պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և մեր քաղաքացիների անվտանգության համար, ինչի ողջ պատասխանատվությունը կրելու է օրվա իշխանությունը»:
 

--00—ՄՀ