Գեղարքունիքի, Սյունիքի անվտանգություն, ռազմագերիների վերադարձ. «Հենակետն» ամփոփել է շաբաթը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

նկար

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել է ՀՀ սահմանային իրավիճակը, անվտանգությանն առնչվող շաբաթվա տեղեկությունները: 

Սյունիքի մասին

Ինչպես նախորդ շաբաթ, այնպես էլ ընթացքիկ օրերին ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում գլխավոր քննարկման թեման Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանների շուրջ ծավալվող զարգացումներն են։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, տեղակայվել է Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, մասնավորապես Սև լճի մերձակայքում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի մի շարք հատվածներում։

Նշենք, որ մայիսի 14–ին, Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ –ին՝ ռազմական աջակցության խնդրանքով։ Տեղեկացնենք նաև, որ ադրբեջանցիների հետ բանակցությունները սկսվել են մայիսի 13–ից, որը կոորդինացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։

Պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկություններով բանակցությունների արդյունքում Սև լճի տարածքից ադրբեջանցիները պետք է հետ քաշվեին։ Սակայն մինչ այս պահը նրանք դիրքավորված են առաջ եկած տարածքներում։ Իսկ ամենօրյա բանակցություններն էլ անարդյունք են։

Մայիսի 17-ին կայացած ԱԽ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ռազմաքաղաքական առումով մեծ փոփոխություններ չեն եղել։ Բանակցությունները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչը ադրբեջանցիները լքեն մեր սահմանները։

Մայիսի 17-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սյունիքի մարզի իրավիճակի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ըստ նրա՝ Սյունիքում ո՛չ մի կրակոց չի արձակվել, ո՛չ մի բախում չի եղել։ Լավրովը Հայաստանի տարածք ներխուժման արձագանքները համարել է «ուռճացված հույզեր»։ Նրա խոսքով՝ ՌԴ ն պատրաստ է երկու կողմերին աջակցել՝ տրամադրելով և՛ քարտեզագրական նյութեր, և՛ խորհրդատվական ծառայություններ։

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԺ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածք ներխուժման դեպքին, նշել է, որ Իրանը չի ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն, և տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի:

Իր հերթին՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները և տեղեկացրել, որ ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է նաև ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջով դուրս բերել իրենց ուժերը ՀՀ տարածքից:

Ամերիկյան կողմն իր մտահոգությունն է հայտնել նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների առնչությամբ և ընդգծել նրանց վերադարձի ապահովման կարևորությունը։

Հնդկաստանի ԱԳՆ խոսնակը՝ ի պատասխան հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ լրատվամիջոցների հարցումների, հայտնել է, որ Հնդկաստանը մտահոգությամբ է հետևում ՀՀի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությանը: Հնդկաստանը կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել զորքերը Հայաստանի սահմաններից ու զերծ մնալ սադրանքներից։

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն կոչ է արել երկրի իշխանություններին քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ` Հայաստանի տարածքային ամբողջականության սպառնալիքի աճի ֆոնին: Տեղեկությունը հրապարակվել է հանրապետականների Twitter-յան էջում։
Մայիսի 18-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հեռախոսազրույցը։ Զասը հավաստիացրել է, որ իր լիազորությունների շրջանակներում ակտիվորեն կնպաստի խնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված քայլերի իրականացմանը:

Մայիսի 19-ին ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել ՀՀ մի քանի մարզեր, մասնավորապես խուսափել Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր և Սյունիք, ճանապարհորդելուց:

Նույն օրը ԱՄՆ-ն Հայաստան ճամփորդողների նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր՝ 4րդ (կարմիր) մակարդակի և իր քաղաքացիներին խորհուրդ չի տվել մեկնել այս երկիր: Այս մասին նախազգուշացումը տարածվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից: ԱՄՆ պետքարտուղարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել նաև Ադրբեջան չայցելել։
Փորձագիտական շրջանակները իրենց մտահոգություններն են հայտնել այս զգուշացումների կապակցությամբ, քանի որ նմանատիպ կոչեր եղել են նաև 44-օրյա պատերազմի սկսվելուց օրեր առաջ։

Մայիսի 19-ին Դուշանբեում մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով: Ըստ նիստի օրակարգի՝ ՀԱՊԿ արտգործնախարարներն ի թիվս այլ հարցերի, քննարկել են իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը կարող է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների գծմանն առնչվող խնդիրների քննարկման հարցում:

Դրան ի պատասխան, հայկական կողմը ընդգծել է նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը, որից հետո միայն պայմաններ կստեղծվեն նման քննարկումների համար:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չորեքշաբթի քննարկել են սիրիական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը: Տեղեկությունը նշված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ Ռեյկյավիկում Արկտիկական խորհրդի նախարարական նստաշրջանի շրջանակում կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ տարածված գրավոր հայտարարության մեջ։
Մայիսի 18-ից լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին նաև այն մասին, թե Վարդենիսի հատվածում ադրբեջանցիները հայկական դիրք են վերցրել, ծեծի են ենթարկել մեր դիրքապահներին։ ՊՆ-ն հայտնել էր, որ Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վիճաբանություն է եղել, բայց խնդիրն արագ հարթվել է։ Սակայն ՊՆ հայտարարությունից հետո համացանցում տարածվում է մի աղմկահարույց տեսանյութ, որում ադրբեջանցիները հարձակվում են հայկական զինվորական համազգեստով մարդկանց վրա, նսեմացնում ու հարվածում են նրանց։ Պն-ն նախ հերքում է տեսանյութի իսկության փաստը, այնուհետև հաղորդագրություն է տարածում, հայտնելով, որ դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, և միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն։

Վարդենիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հրապարակված տեսանյութին անդրադառնալով՝ Փաշինյանը նշել է, որ սահմանային ամբողջ երկայնքով տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք:

Մայիսի 20-ին, կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե օպերատիվ իրավիճակը Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում հայ–ադրբեջանական սահմանին փոփոխություն չի կրել։ Իրադրությունը շարունակում է մնալ լարված այն արձանագրմամբ, որ դեռևս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում, մոտավորապես 500-600 հոգի։

Նույն ժամանակամիջոցում ՊՆ-ն հայտարարություն է տարածում այն մասին, որ անհատ քաղաքացիներ, տարբեր պաշտոնյաներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ փորձում են մուտք գործել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային այն հատվածներ, որոնց ուղղությամբ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։ ՊՆ-ն կոչ է րաել՝ անվտանգության նկատառումներից ելնելով ձեռնպահ մնալ ուղևորություններից հիշյալ տարածքներ, որտեղ, ՀՀ ԶՈՒ կողմից շուրջօրյա ռեժիմով իրականացվում է մարտական ծառայություն
Մայիսի 19-ի երեկոյան Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրառում է արել ՖԲ իր էջում` նշելով, որ ավարտվել է ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։ Մինասյանը վստահեցրել է, որ Ադրբեջանին հանձնելը Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղ։

Մինասյանը Telegram–ի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը, նրա պնդմամբ, պատրաստվում են ստորագրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հաջորդ օրը, կառավարության նիստի ժամանակ, խոսելով այդ թղթի առկայության մասին, Փաշինյանը փաստացի հաստատել է Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթի իսկությունը և նշել, որ այո՝ ստորագրելու է այդ փաստաթուղթը։

Մայիսի 20-ին ԱԺ-ն չի ընդունել խորհրդարանական ընդդիմության ներկայացրած հայտարարության տեքստը, որով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կզրկվեր Ադրբեջանի հետ փաստաթուղթ ստորագրելու իրավունքից՝ առանց ԱԺ հավանության։ «Իմ քայլը» խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցել։ Այսինքն՝ Փաշինյանը Ադրբեջանի հետ փաստաթուղթ կստորագրի առանց ԱԺ հավանության։

Մայիսի 20-ին ՀՀ ՊՆ-ն կազմակերպել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների այցելություն Սյունիքի մարզ` Հայաստանի տարածք Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

ՊՆ-ից հայտնում են, որ ԶՈՒ պատասխանատու ստորաբաժանման հրամանատարության ներկայացուցիչները ռազմական կցորդներին ներկայացրել են մայիսի 12-ից հետո ստեղծված իրավիճակը և զարգացումները, հայկական կողմի ձեռնարկած գործողությունները, պատասխանել ռազմական կցորդներին հետաքրքրող և ճշգրտող հարցերին:

Ռազմագերիների, անհետ կորած զինծառայողների հետ կապված հարցերի մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով հայ ռազմագերիների առնչությամբ հնչող մեղադրանքները, հայտարարել է, թե Ադրբեջանն ազատ է արձակել և վերադարձրել ռազմագերու կարգավիճակ ունեցող բոլոր հայերին:

Հիշեցնենք՝ մայիսի 4-ի դրությամբ Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվն ընդհանուր առմամբ հասել է 72-ի:

Հայկական կողմի տվյալների համաձայն՝ Ադրբեջանում անազատության մեջ շարունակում է մնալ շուրջ 200 հայ ռազմագերի ու քաղաքացիական անձ:

Մայիսի 20-ին Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցը։

ԵԽ-ում ընթացող լիագումար նիստի շրջանակներում մայիսի 20-ին քննարկում է եղել ԼՂ վերջին պատերազմի ռազմագերիների թեմայով։ Ադրբեջանի գործողությունները դատապարտող և հայ ռազմագերիներին վերադարձնելու կոչով հանդես են եկել ԵԽ-ում Իտալիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Լիտվայի և այլ երկրների պատգամավորները։

Մի քանի ժամ տևած քննարկումներից հետո ԵԽ-ն 607 կողմ ձայնով ընդունել է բանաձև, որով պարտադրում է Ադրբեջանին առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց։

Այլ թեմաներ

ՀՀ նախագահը մայիսի 17-ին ստորագրել է «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքը, համաձայն որի՝ հայտարարվում է համաներում օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով սահմանված՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:

ՊՆ անցուդարձի մասին

Շաբաթվա ընթացքում ՊՆ զորամիավորումների տարբեր զորամասերում անցկացվել են ցուցադրական վարժանքներ, մասնագիտական պարապմունքներ, վաշտային մարտավարական զորավարժություններ, կրակային պատրաստության պարապմունքներ, տեղի են ունեցել շտաբային մարզումներ, հրամանատարական հավաքներ և այլն։

Անվտանգության ոլորտի վերաբերյալ լրատվական հոսքերը ակտիվ քննարկման կիզակետում են եղել, ԶԼՄ-ների առանցքային թեման՝ Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանների շուրջ տեղի ունեցող զարգացումներն են, միջադեպերի հետ կապված լուսաբանումները։

--00—ԼՄ