Մասիս քաղաքի աղբավայրի հրդեհման հետևանքով քաղաքն ու հարակից գյուղերը ծխի մեջ են հայտնվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

․

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է․

«Մասիս քաղաքի բնակիչներից մեկը Ֆեյսբուք սոցիալական ցանցում ահազանգել է Մասիս քաղաքի աղբավայրի հրդեհման հետևանքով քաղաքի և հարակից գյուղերի՝ ծխի մեջ հայտնվելու, ինչպես նաև ճանապարհամերձ հատվածում շինաղբ թափելու վերաբերյալ։

Շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան գրություն է ուղարկել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ տարածքում ստուգայց իրականացնելու, դեպքի հանգամանքները մանրամասն ուսումնասիրելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։

Հիշեցնենք, որ Աղբահանության և սանիտարական մաքրման մասին ՀՀ օրենքով արգելվում է աղբը պահել և թափել դրա համար չսահմանված կամ չնախատեսված վայրերում: Ցանկացած տեսակի աղբը, այդ թվում և շինաղբը, պետք է թափել բացառապես դրա համար նախատեսված օրինական աղբավայրերում։

Հարգելի՛ քաղաքացիներ, աղբի փոխադրման իրականացումը պետք է կազմակերպվի` նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի աղտոտումը: Եվս մեկ անգամ հորդորում ենք նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն։

Մաքուր պահե՛նք մեր շրջակա միջավայրն ու չաղտոտենք բնությունը»։

--00--ԱՀ