Սյունիքում բողոքի ակցիաների գործով Մելս Հարյապետյանի արարքում հիմնավոր կասկած չկա․ դատարան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

նկար

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, արձանագրել է, որ Սյունիքի բողոքի ակցիաների գործով Մելս Հայրապետյանի արարքում հիմնավոր կասկածը բացակայում է։ Այս մասին հայտնում են փաստաբաններ Միքայել Շխիմյանը և Էդգար Թումասյանը։ 

«Քիչ առաջ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ լեգենդար դատավոր Ա.Ազարյանի, բավարարեց մեր բողոքը և արձանագրեց Մ.Հայրապետյանի արարքում հիմնավոր կասկածի բացակայությունը։

Նշեմ նաև որ առաջին ատյանի դատարանը մերժել էր Մ.Հայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը (հիմքերի մասով)։

Կեցցե ՀՀ Դատարանը»,- ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Շխիմյանը։

Հիշեցնենք՝ ապրիլի 21֊ին Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաների փաստով հարուցված քրգործի շրջանակում ձերբակալվել է 19 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը, Գորիսի փոխքաղաքապետը։

Մելս Հայրապետյանը Սյունիքում տեղի ունեցած ակցիաների գործով ձերբակալված միակ անձն էր, ում առնչությունն արարքին առաջին ատյանի դատարանը հաստատված էր համարել, միևնույն ժամանակ մերժել էր նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը՝ գտնելով, որ բացակայում են կալանավորման հիմքերը։ Փաստաբանները բողոքարկել են դատարանի որոշումը՝ պնդելով, որ Հայրապետյանի արարքում բացակայում է հիմնավոր կասկածը։

--00—ԼՄ