Գայլ, արջ, լուսան՝ Վայոց ձորում․ թաքնված տեսախցիկը 1 արահետում 3 կենդանատեսակ է ֆիքսել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Գիշատիչների առողջ պոպուլյացիայի առկայությունը վկայում է առողջ և կայուն էկոհամակարգ ունենալու մասին։ Այս մասին վստահեցնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի միջազգային գործընկեր՝ World Land Trust-ի փորձագետները, որոնք օրերս անդրադարձ են կատարել Հայաստանում նկարահանված գիշատիչների արահետին։

Ուշագրավ և ուրախալի է հատկապես այն հանգամանքը, որ խոսքը գնում է Հայաստանի՝ Վայոց ձորի մասին, որտեղ վերջերս FPWC կողմից կառավարվող մասնավոր պահպանվող տարածքում ֆիքսվել են գիշատիչների մի քանի տեսակներ՝ գայլեր, արջեր, լուսան և այլն։ Կենդանատեսակները ֆիքսվել են նույն արահետի վրա, ինչը վկայում է, որ տարածքում առկա է նաև սննդային շղթայի կարևոր բաղադրիչ հանդիսացող կերային բազան։ Գիշատիչները կարևոր դեր են խաղում բնության հավասարակշռությունը պահպանելու գործում․ որտեղ կա գիշատիչների կայուն թվաքանակ, առկա է նաև նրանց համար կեր հանդիսացող տեսակների առկայություն, ինչի շնորհիվ էլ ապահովվում է բնության կայուն շրջապտույտը։

Միջազգային World Land Trust-ը մեծ ձեռքբերում է համարում գրանցված ցուցանիշը և գնահատում տեղում իրականացված աշխատանքները։ «Նման կայուն էկոհամակարգ է ստեղծվել Հայաստանում՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը»,- նշված է հոդվածում։

Բնական էկոհամակարգում ամեն ինչ փոխկապակցված է․ գիշատիչների կայուն պոպուլյացիայի առկայությունը նպաստավոր միջավայր է ստեղծում նաև անգղերի համար, քանի որ նրանք էլ հնարավորություն են ունենում սնվելու գիշատիչների թողած մնացորդներով։

Հայաստանում հանդիպող գորշ արջերն ընդգրկված են ՀՀ կենդանիների Կարմիր գրքում։ Բարեբախտաբար, CWR թակարդ տեսախցիկները պարբերաբար ֆիքսում են նաև նրանց ձագերին։ Արջերից և գայլերից հետո լուսանը Եվրոպայի խոշոր գիշատիչն է։ Հետաքրքիր է, որ այս վայրի կատուն կարող է օրեկան սպառել ավելի քան 2 կգ միս, ինչպես նաև կարող է սպանել իրենից 3-4 անգամ մեծ հակառակորդի։

Այսպիսով, շուրջ 30․000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում: Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: CWR և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում: Այն արդեն իսկ ցույց է տալիս իր արդյունավետությունը։

--00—ԼՄ