Տնտեսական աճի նվազումը՝ կոռուպցիայի դեմ պայքարի հետևանք

 ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 26, 24News

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը: Ինչպես եւ սպասվում էր, այն բարձր չէ՝ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ կազմել է 3.6%, իսկ 2018 թվականի տարվա սկզբից՝ 5.7%: Այս տարվա երկրորդ կեսից մեր տնտեսության աճը ակնհայտորեն դանդաղում է: Եթե տարվա սկզբի ամիսներին տնտեսական ակտիվության աճը 10-11% էր, ապա արդեն օգոստոս ամսին այն կազմել է ընդամենը 0.5%, իսկ սեպտեմբերին ընդհանրապես տեղի է ունեցել տնտեսական ակտիվության անկում 0.2%-ով: Հոկտեմբեր ու նոյեմբերին արձանագրվել է որոշակի բարելավում, բայց միեւնույնն է, տնտեսական ակտիվության ցուցանիշը 3-3.6% մակարդակին է: Ի՞նչ է տեղի ունենում մեր տնտեսության հետ: Ինչո՞ւ է տեղի ունենում տնտեսական ակտիվության այսպիսի դանդաղեցում:

Կա մի քանի կարևոր գործոն․ կարևորներից մեկը, որքան էլ որ պարադոքսալ հնչի, կոռուպցիայի դեմ պայքարն է, կամ դրա հետևանքներով ընդունված, իսկ այս պարագայում չընդունված որոշումները։

Եվ այսպես․ տարվա առաջին ամսիներին առեւտրի շրջանառությունն աճում էր 16-18%-ով, արդեն երկրորդ կեսին ամսեկան աճը սկզբից դարձել է 8-9%, իսկ տարվա վերջին ամիսներին՝ արդեն 5%:  Առեւտրի շրջանառության աճի տեմպի դանդաղեցումը անհանգստացնող է, քանի որ կոռուպցիայի ու ստվերային տնտեսության դեմ պայքարի ֆոնին, երբ դժվար թե հնարավոր կլինի գտնել շրջանառություն թաքցնող որեւէ խանութ, մենք արձանագրում ենք տնտեսության աճի տեմպերի նվազում: Մյուս կողմից, սա նաեւ նշանակում է, որ նվազել են մեր սպառողների եկամուտները, ինչը էլ ավելի անհանգստացնող երեւույթ է: Պետք է խոստովանել նաեւ, որ սրա պատճառը, ոնց որ թե, հենց վարվող պետական քաղաքականությունն է: Ավելի ճիշտ այն հետեւանքը, որն առաջացել է կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության արդյունքում: Այսպես՝ պետական բյուջեն կրճատել, դադարեցրել, վերացրել է տարբեր տեսակի ծախսեր: Միաժամանակ, պետական եկամուտները՝ հարկերի հավաքագրումը, նորանոր «ռեկորդներ» է սահմանել: Այսինքն, Հայաստանի պետական բյուջեի եկամուտների պլանն առաջին ինն ամսում կատարվել է, այն դեպքում, որ բյուջեի ծախսային մասի պլանը՝ ոչ: Թվերով արտահայտված՝ պետական այս քաղաքականության արդյունքում, 2018 թվականի ինն ամսում պետական բյուջեն շուրջ 141 մլրդ դրամի գումար է հավաքել տնտեսությունից հարկերի տեսքով ու չի ծախսել: Ու չնայած այս քաղաքականությունը, վերջիվերջո, ողջունելի է, քանի որ ակնհայտ է, որ անարդյունավետ ծախսերը, պայմանավորված տենդերները եւ այլն չեղարկվել են, սակայն մակրոտնտեսական առումով այն կողմնակի էֆեկտ է առաջացրել: Տնտեսությունից «հանվել է» 141 մլրդ դրամ, մարդիկ չեն ստացել այդ գումարը ու հետեւաբար չեն ծախսել առեւտրի ընթացքում:

Բնականաբար, կոռուպցիայի դեմ պայքարն ուղղակի անհրաժեշտ երևույթ է, սակայն պետության համար բյուջեի ծախսային հատվածի չապահովումն ուղղակի վտանգավոր է, քանի որ փող չի սրսկվում շրջանառության մեջ։ Կառավարությունը պարտավոր էր ծախսել այդ գումարը՝ այլ միջոցներ ընտրելով։ Բայց հարցն այստեղ այն է, որ կա՛մ կառավարության համապատասխան գերատեսչությունները վախենում են ծախսային ու արդյունավետ նոր ծրագրեր առաջ քաշեն, որպեսզի վզները չդնեն գելյոտինի տակ, կամ ուղղակի կոմպետենտ չեն։ Որովհետև, ամենատարրական բանը, թերևս, որ հնարավոր էր անել՝ սիմվոլիկ չափով թոշակներ բարձրացնելն էր՝ միայն թե ապահովվեր ծախսային հատվածն ու տնտեսությունից փող հետ չքաշվեր դեպի գանձապետարան։

Բացի ծախսային հատվածը չիրականացնելուց կան նաև որոշակի այլ իրականություններ, որոնք ազդել են տնտեսական ցուցանիշների վրա։

Հաջորդն, ըստ ամենայնի, թերեւս, հանքահումքային արդյունաբերությունն է: Թեղուտի հանքավայրի աշխատանքի դադարեցումն ու պղնձի խտանյութի համաշխարհային գների նվազեցումը բերել են Հայաստանում արդյունաբերության ոլորտի աճի տեմպերի դանդաղեցմանը: Եթե տարվա սկզբին մեր արդյունաբերությունը աճում էր 5-8%-ով, ապա տարվա երկրորդ կեսին արդեն 0-5%-ով:

Երրորդ գործոնը գյուղատնտեսությունն է, որն այս տարի արձանագրել է ոչ թե աճ, այլ անկում՝ 8.1%-ի չափով: Ընդ որում, այս անկումն ունի ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ պատճառներ՝ եղանակային պայմաններ, ջրի պակաս, ավելի «կոռեկտ» վիճակագրություն:

Չորրորդ գործոնը, որն ազդել է տնտեսական ակտիվության դանդաղեցման վրա, արտահանման տեմպերի կրճատումն է: Եթե տարվա առաջին կեսին արտահանումը աճում էր 20%-ից բարձր տեմպերով, ապա երկրորդ կեսին աճի տեմպը չի գերազանցել 5%-ը, իսկ որոշ ամիսներին արձանագրվել է անգամ արտահանման նվազում: Իհարկե, այստեղ «մեղքի» մեծ բաժինն ունի հանքահումքային արդյունաբերությունը, սակայն ՌԴ տնտեսությունում առկա պրոբլեմները նույնպես ազդում են ՀՀ արտահանման ցուցանիշի վրա:

Այս գործոններն են մեծապես պայմանավորում մեր տնտեսության աճի դանդաղեցումը վերջին ամիսներին ու, ամենայն հավանականությամբ, 2019-ի առաջին եռամսյակը ծանր է լինելու: Սրա վառ ինդիկատորն է գների աճի տեմպը Հայաստանում կամ ինֆլյացիան: Ի հակառակ ընդունված տեսակետի, Հայաստանում ինֆլյացիան ոչ թե աճում է, այլ դանդաղում: Սեպտեմբեր ամսվա 3.5% ինֆլյացիան կտրուկ նվազեց ու արդեն նոյեմեբերին նույն Ազգային վիճակագրական ծառայությունը արձանագրել է ինֆլյացիայի 1.6% մակարդակ: Այսինքն, մարդկանց «ձեռքի փողը» նվազել է, սկսել են ավելի քիչ առեւտուր անել, պահանջարկը նվազել է, արդյունքում սկսել են դանդաղել գների աճի տեմպերը:

Սա է այսօր տեղի ունենում մեր տնտեսությունում եւ դա մտահոգություն է առաջացնում բոլոր տնտեսագետների ու վերլուծաբանների մոտ: Մանավանդ, որ նոր Հայաստանում տնտեսության միակ ճյուղը, որը ոչ թե աճի դանդաղեցում, այլ աճի էլ ավելի արագացում է արձանագրել այս ամիսներին դա ծառայությունների ոլորտն է՝ խաղային բիզնեսի գլխավորությամբ:

Ռաֆայել Դավթյան