Ադրբեջանի թիմը ոչ մարզական վարքի համար որակազրկվել և հեռացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Սպորտ

Ադրբեջանի թիմը ոչ մարզական վարքի համար որակազրկվել և հեռացվել է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված սամբոյի Եվրոպայի առաջնությունից, հաղորդում է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի կայքը։ Ադրբեջանցի սամբիստների բոլոր արդյունքները չեղարկվել են։

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը պատմել է, թե ինչ է տեղի ունեցել ադրբեջանցիների մասնակցությամբ։

«Երբ 71 կգ քաշային կարգի եզրափակչում գոտեմարտում էին Ռուսաստանի ներկայացնող Մագոմեդ Գաջիևը և ադրբեջանցի Էմիլ Հասանովը, և երբ հաղթանակը շնորհվեց ռուսաստանցուն, ախոյանը դրսևորեց ոչ մարզական պահվածք, ինչին հաջորդեց ամբողջ ադրբեջանական պատվիրակության հախուռն ու աղմկոտ մուտքը մրցագորգեր, սկսվեց քաշքշուկ ու անկարգություն:

Որպեսզի մենք՝ հայերս, որևէ առնչություն չունենանք, կարգադրեցի մեր բոլոր մարզիկներին, մարզիչներին դուրս գալ մարզապալատից»,- Միքայել Հայրապետյանի խոսքը փոխանցում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

--0--ԿԿ