Հայ ժողովրդի փառապանծ պատմությունը մեզ վրա ընդհատելու իրավունք չունենք. Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՈՒՂՂԻ՛Ր ՄԵՋՔԴ

Հայ ժողովրդը պետք է վերականգնի և վերագտնի իր արժանապատվությունը և վեհությունը:

Պետք է պատրաստ լինի աշխատանքի և պայքարի միջոցով վերահաստատել սեփական Հայրենիքում իր ապրելու իրավունքը:

Պետք է կրկին հավատա սեփական ուժերին և վերցնի իր ճակատագիրը իր ձեռքը:

ԿՊՆԵ՛ՆՔ ԳՈՐԾԻՆ

Բաժանարար գծերը պետք է վերանան մեր երկրում:

Բոլոր ուղղություններով միասնական ջանքերի համադրմամբ պետք է անցնել Հայրենիքի հզորացման, շենացման, ամրապնդման, զարգացման գործին:

Մենք ունենք փորձ, գիտելիք և ցանկություն մեր հայրենակիցների հետ միասին ամրացնել Հայաստանը, պաշտպանել այն ու նոր որակի աշխատանքներ տանել բոլոր ուղղություններով՝ տնտեսությունից մինչև կրթություն, անվտանգությունից մինչև առողջապահություն, մշակույթից մինչև դիվանագիտություն:

ՈՐ ԱՊՐԵ՛ՆՔ

Մեզ շրջապատող իրականությունը տագնապալից է և բազմաթիվ վտանգներ ու ռիսկեր է պարունակում, որոնք սպառնում են թե յուրաքանչյուր հայի, թե մեր հավաքական գոյությանը:

Մենք դավանում ենք Հայրենիքի հավիտենականության սկզբունքը:

Մենք պետք է արարենք մեր Հայրենիքում, պետք է չկորցնենք մեր հույսն ու հավատը մեր ապագայի հանդեպ:

Հայ ժողովրդի փառապանծ պատմությունը մեզ վրա ընդհատելու իրավունք չունենք:

Մենք վերանալու իրավունք չունենք:

Պետք է ապրենք և մեզանով ապրեցնենք Հայաստանն ու Արցախը»:

--00--ԱԹ