Պատերազմի զոհերի ԴՆԹ նմուշները արտասահման ուղարկելու նախագիծը դեռ քննարկման փուլում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունն արձագանքել է News.am լրատվական կայքի՝ «Պատերազմի զոհերի ԴՆԹ նույնականացման սարքի գնման հաշվին գերշահու՞յթ են ստացել. նոր փաստեր՝ կասկածելի գործարքից » վերտառությամբ հոդվածին: Նախարարությունը պաշտոնապես նշում է, որ նյութում տեղ գտած տեղեկատվությունը խեղաթյուրված է:

«Հարկ ենք համարում նշել, որ ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված վերլուծիչ սարքերի և պարագաների հավաքածուն ՀՀ ԱՆ «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ձեռք է բերվել հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.12.2020թ. թիվ 2102-Ա որոշումը, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները:

Գնումն իրականացվել է գնահարցման եղանակով: Կենտրոնի կողմից գնահարցում է իրականացվել «Մեդիսար» ՍՊ և «Պրոմ-Տեստ» ընկերություններին: «Մեդիսար» ՍՊ ընկերությունը հանդիսանում է անհրաժեշտ ապրանքատեսակները արտադրող՝ «Thermo Fisher Scientific» կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Պրոմ-Տեստ» ՍՊ ընկերությունը հանդիսանում է 2018 թվականին կենտրոնի կողմից «Thermo Fisher Scientific» արտադրության «Applied Biosystems 3500» մոդելի անալիզատորի ձեռքբերման նպատակով իրականացված մրցույթի ամփոփման արդյունքներով ընտրված մասնակից և սարքի մատակարար:

Հաշվի առնելով գնման առարկայի անհրաժեշտության հրատապությունը, գնահարցման պահանջ է հանդիսացել՝ Գնային առաջարկները կարող են գնահատվել՝ գնային առաջարկ/մատակարաման ժամկետ հարաբերակցությամբ։ ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված վերլուծիչ սարքերի և պարագաների հավաքածուի արժեքը կազմել է՝ 295867260,69 ՀՀ դրամ: Զոհված զինծառայողների գենետիկական նույնականացման գործընթացն արագացնելու նպատակով ձեռք է բերվել երկրորդ հոսքագիծը, որի մեջ ներառված են ԴՆԹ ավտոմատ անջատման սարք AutoMate Exspress DNA Extraction System (1 հատ), Proflex ամպիլֆիկատոր (1 հատ) և սեքվենատորը՝ ABI Prism 3500 վերլուծիչ (1 հատ), որը հնարավություն է տալիս միաժամանակ և ներբեռնել նմուշները վերլուծման համար և վերլուծել նախորդ նմուշները: Նախկին սեքվենատորը զուրկ է այդ հնարավորություններից: ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ում մինչև երկրորդ հոսքագծի ձեռք բերումը կատարվում էր մոտավոր 12 ոսկրային հյուսվածքներից անջատված ԴՆԹ-ների վերլուծություն, իսկ դրա համար հետազոտվում էր մինչև 30-35 փորձանմուշ, երկրորդ հոսքագծի ձեռք բերումից հետո հասել է մինչև 30 նունականացումներ, իսկ դրա համար հետազոտվել են առնվազն 60-ից 70 նմուշ:

Պետք է նշել նաև, որ այս ընթացքում կատարվել են նաև զինվորների հարազատներից վերցված արյան փորձանմուշների դատագենետիկական հետազոտություններ և նույնականացումներ այս սարքի օգնությամբ: ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ABI Prism 3500 վերլուծիչի արտադրողականությունը 24 ժամյա ռեժիմի աշխատանքային պայմաններում կազմում է՝ օրական 2,2 ցիկլ, սարքը ունի հնարավորություն ներբեռնել միաժամանակ 90 փորձանմուշ, սակայն աշխատանքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր հետազոտվող փորձանմուշից ներբեռնվում է երկուական՝ ճշգրիտ ԴՆԹ ստանալու համար, բացի այդ ներբեռնվում են նաև համապատասխան ազդանյութերը, որոնց միջոցով տեղի է ունենում սեկվինավորման պրոցեսը, ինչպես նաև կիրառվում են ստուգիչներ, որոնք ներքին ստուգման համար են, աշխատանքների ճիշտ և սխալ արդյունքները հաստատելու համար:

Հոդվածում նշված սարքավորումների վերաբերյալ տեղեկատվությունը, «մասնավորապես ընկերությունը ներմուծել է դատաբժշկական ԴՆԹ-ի էքստակցիայի համակարգ (AutoMate ExpresS Forensic DNA Extraction System)` 3 հատ, սարքավորման ծրագրային ապահովում (GeneMapperTM ID-X Software v1.6, Full Installation)` 2 հատ մագնիսական շտատիվ փորձանոթների համար (DynaMagTM-2 Magnet), մազանոթների հենետիկ անալիզատորի համար (3500 Genetic Analyzer Capillary Array, 36cm), ինչպես նաև 97 կգ ախտորոշիչ և լաբորատոր ազդանյութեր» չի համապատասխանում մեր կողմից ձեռք բերված սարքերի ցանկին։ Ամբողջական տեղեկատվությունը հանրության համար հասանելի է ֆինանսների նախարարության www.gnumner.am կայքում:

Ինչ վերաբերվում է նմուշները արտասահման ուղարկելուն, ապա այդ նախագիծը դեռ քննարկման փուլում է, և խոսքը գնում է այն նմուշների մասին, որոնց հետ բազմիցս աշխատելուց հետո նույնականացման համար պիտանի գենետիկական բնութագիր չի ստացվել՝ ոսկրային հյուսվածքի ծագումնաբանությունից և որակից ելնելով: Հարկ է նշել, որ 3023 հետազոտված նմուշներից ընդամենը 50-60 նմուշի մասին է խոսքը:

Տեղեկացնենք, որ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ում առկա են «ThermoFisher Scientific» ամերիկյան ընկերության, «Մեդիսար» ՍՊ և «Պրոմ-Տեստ» ՍՊ ընկերությունների կողմից տրամադրված գնային առաջակները, որոնց չեն համապատասխանում հոդվածում նշված թվերը։

Առողջապահության նախարարությունը հավատարիմ է տեղեկատվության տրամադրման իր թափանցիկ քաղաքականությանը, ուստիև կոչ է անում լրատվամիջոցներին ստուգել ձեռք բերված տեղեկատվության հավաստիությունը՝ խուսափելով հանրությանը մոլորեցնող ապատեղեկատվության հրապարակումից, տարածումից, ու մեծ հաշվով, նաև զրպարտությունից»,- հայտնում են ԱՆ-ից:

--00--ԱԹ