Անթույլատրելի է քաղաքական գործչի խոսքի խմբագրումը. «Ազատ Հայրենիք»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

Հասարակական

Հարգելի լրագրողներ, Հանրային Հեռուստաընկերության եթերում մայիսի 30-ին հեռարձակվեց «Հանրային քննարկում. «Ընտրական մարաթոն 2021. նոր հայտատուներ»» հաղորդումը, որը վարում էր Պետրոս Ղազարյանը, հյուրերը՝ հունիսի 20-ի ընտրության մասնակիցներն էին, որոնց թվում էր նաեւ «Ազատ Հայրենիք դաշինքի» վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Ազատ Հայրենիք» դաշինքը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ձայնագրության ընթացքում հաղորդավարը անտեսելով լրատվության օրենքները, դրսեւորում էր խիստ կողմնակալ վերաբերմունք, շարունակաբար ընդհատում Անդրիաս Ղուկասյանի խոսքը, թույլ չտալով քաղաքական գործչին լսարանին ներկայացնել ընթացիկ իրավիճակը, որը իշխանությունների կողմից միշտ ներկայացվում է խեղված տարբերակով, ինչպես 44-օրյա պատրերազմի ժամանակ, երբ բոլորս գիտեինք, որ «Հաղթելու ենք», սակայն ունեցանք հազարավոր զոհեր եւ կորցրեցինք Արցախի տարածքի 75 տոկոսը, իսկ այժմ վտանգված են նաեւ ՀՀ պետական սահմանները:

Վերոնշյալ հաղորդման մոնտաժված տարբերակում բացակայում են Անդրիաս Ղուկասյանի այն խոսքերը, որոնք այս իշխանության որդեգրած «միֆային» ձեւաչափին չեն համապատասխանում, եւ բացահայտում են իշխանությունների ակնհայտ ստերը, որով արդեն երեք տարի է քաղաքացիներին դնում են մոլորության մեջ:

Հարգելի լրագրողներ, մեր դաշինքի մամուլի ծառայությունը խստիվ դատապարտում է Հանրային հեռուստաընկերության ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը եւ գտնում, որ անթույլատրելի է քաղաքական գործչի խոսքի խմբագրումը:

--00--ԿԿ