ՄԻՊ–ի ներկայացուցիչները այցելել են ոստիկանութուն՝ մերկ տղամարդու տեսանյութի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

ՄԻՊ

Ոստիկանության բաժնում մերկ տղամարդու մասնակցությամբ այսօր համացանցում հայտնված տեսանյութի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին։ Այս մասին հայտնեցին ՄԻՊ–ից։

ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները քննարկում են ունեցել Ոստիկանության Արաբկիրի բաժնի ղեկավար կազմի հետ։

«Նույնականացվել է տեսանյութում երեւացող անձը, ստուգվել են նրա վերաբերյալ Ոստիկանության բաժնում առկա փաստաթղթերը։

Պարզվել է, որ տեսանյութն արվել է 2020 թվականի սեպտեմբերի 12-ին։ Մասնավորապես, այդ օրը ժամը 22։00-ի սահմաններում Ոստիկանության բաժին բնակիչներից ահազանգեր են ստացվել այն մասին, որ մի տղամարդ մերկ վիճակում կանգնել է փողոցում եւ գոռգոռում է։ Ահազանգերի կապակցությամբ Ոստիկանության ծառայողները մոտեցել են քաղաքացուն եւ նրան ներկայացրել բաժին։

Ոստիկանության բաժնում քաղաքացին հայտնել է, որ ունի հոգեկան առողջության խնդիրներ։

Այնուհետեւ, Ոստիկանության բաժին է հրավիրվել շտապօգնության բրիգադ եւ քաղաքացուն տեղափոխել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն։

Վաղը քաղաքացուն կենտրոն տեղափոխելու, բուժման, դրա հետ կապված նրա իրավունքների հարցերը կքննարկվեն Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի հետ»,– փոխանցեցին ՄԻՊ–ի գրասենյակից։

--00--ԱՀ