Ամուսնության գրանցումը կդառնա անվճար․ պետտուրքը հանվում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

նկար

Ամուսնության պետական գրանցման համար այլևս պետական տուրք չի գանձվի: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը: 

«Նախկինում եթե զույգը ցանկանում էր ամուսնություն գրանցել, պետք է նախապես՝ տասն օր առաջ, մոտենար ՔԿԱԳ տարածքային մարմին, դիմում գրեր, վճարեր 1000 դրամ պետտուրք, ու առնվազն տասն օրից նոր հնարավոր կլիներ գրանցել ամուսնությունը։ 

Օտարերկրյա քաղաքացու մասնակցությամբ ամուսնություն գրանցելու դեպքում պետությունը տասն օրից շուտ ժամկետում գրանցումը կատարելու համար սահմանել էր արտաբյուջետային վճար, օրինակ՝ մեկից երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ 150.000 ՀՀ դրամ։

Արդարադատության նախարարությունը բարեփոխումների արդյունքում այս ժամկետները կրճատել է, իսկ պետտուրքը՝ ընդհանրապես հանել»,- գրել է Մարտիրոսյանը։

--00—ԼՄ