Հավաստի վիճակագրական տվյալների հավաքագրումը կարևորվում է․ ԿԳՄՍ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

1

Հանրային քննարկման է ներկայացվել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի և ուսումնական հաստատությունների պետական միասնական վարչական ռեգիստրի վարման կարգի նախագիծը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Ցանկացած ոլորտում առկա խնդիրները վեր հանելու, ինչպես նաև փաստերի վրա հիմնված քաղաքականություններ մշակելու համատեքստում էապես կարևորվում է հավաստի վիճակագրական տվյալների հավաքագրումն ու ամփոփումը: Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը կրթության ոլորտում փաստահենք քաղաքականության մշակման և իրականացման կարևոր գործիք է՝ անընդհատ զարգացող և թարմացվող։

Դրա միջոցով նաև արդեն իսկ թվայնացվել են ոլորտի շատ գործընթացներ, ինչպես օրինակ՝ սովորողների ընդունելության, հաստատությունից հաստատություն տեղափոխման, գնահատման, ուսուցիչների ատեստավորման, այլ բաղադրիչներով։ Ընթացքում է նաև մյուս գործընթացների թվայնացումը, ինչպես օրինակ ատեստատների մասով։ Ոլորտի կառավարման արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության համար ներդրվում են նոր գործիքներ, ինչպես օրինակ՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման համակարգը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տվյալների համակարգը և այլն։

Տեղեկատվական համակարգը կարևոր նշանակություն ունի նաև տվյալների հիման վրա հետազոտություններ, ուսումնասիրություններ և վերլուծություններ իրականացնող, ինչպես նաև կրթական քաղաքականությամբ հետաքրքրվող հետազոտողներին և շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին լայն և բազմաշերտ տեղեկատվություն տրամադրելու համար»:

--00—ԼՄ