Ճանապարհային ոստիկանները «Վերջին զանգի» օրը լինելու են դպրոցների մերձակա տարածքներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

Ճանապարհային ոստիկանությունը, անվտանգ երթևեկություն ապահովելուց զատ, հաճախ կազմակերպում է նաև տարաբնույթ կանխարգելիչ միջոցառումներ։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս «Վերջին զանգի» միջոցառումներին ընդառաջ ոստիկանները հանդիպումներ են ունենում հանրապետության ավագ դպրոցների տնօրենների և ուսուցչական կազմի հետ: Հանդիպումների ընթացքում ոստիկանները ծանոթանում են «Վերջին զանգի» օրն անցկացվելիք միջոցառումների ծրագրերին, քննարկում հասարակական կարգի ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր:

«Ճանապարհային ոստիկաններն այդ օրը լինելու են դպրոցների մերձակա տարածքներում և խստագույնս հետևելու են երթևեկության կանոններին։ Անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով հորդորում ենք շրջանավարտներին, ծնողներին և ուսուցիչներին՝ լինել զգոն, պահպանել երթևեկության կանոնները և հասարակական կարգը։ «Վերջին զանգն» ուրախ է և հիշարժան, երբ ավարտվում է առանց պատահարների»:

--00--ԱԹ