Կրակահերթի պատճառով Կութ գյուղի 81 անասուն փախել է դեպի ադրբեջանցիների կողմը․ գյուղապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

Հասարակական

Ադրբեջանցիները շարունակում են մնալ իրենց տեղերում, 81 անասուն կրակահերթի պատճառով փախել է իրենց կողմը, դեռևս չի հաջողվել վերադարձնել: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Կութի գյուղապետ Սիմա Չիթչյանը:

«Երբ  ադրբեջանցիները կրակ են արձակել հովվի ու անասունների  ուղղությամբ, անասունների մի մասը փախել է մեր կողմ, մյուս մասը փախել է դեպի իրենց կողմ, իրենք էլ տարել են մեր անասունները: Դիմել ենք Կարմիր խաչին, Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն: Ներկայացուցիչներ են այցելել, սակայն դեռևս պատասխան չեն տվել»,- մանրամասնեց նա:

Նշենք, որ երեկ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել էր, որ հունիսի 5-ին ահազանգ է ստացել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը կրակահերթ են արձակել ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովիվի ուղղությամբ, երբ վերջինս գյուղի արոտավայրերում արածեցրել է մանր ու խոշոր եղջերավոր կենդանիների:

Արման Թաթոյանի հաղորդմամբ` կրակահերթը հովիվի ուղղությամբ տևել է 30 րոպե: Հովիվը կարողացել է փախուստի դիմել, սակայն կրակահերթից ձիու ոտքը վնասվել է: Արդյունքում՝ 4 անասուն կրակահերթով սպանվել է:

Ավելի ուշ Պաշտպանության նախարարությունից պարզաբանեցին, որ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովվի անասունների մի մասը գյուղի հարակից տարածքներում արածելու ընթացքում, շարժվել է դեպի ադրբեջանցի զինվորականների դիրքեր, և երբ հովիվը, անասուններին ետ բերելու նպատակով, փորձել է մոտենալ ադրբեջանցի զինծառայողներին, նրա ուղղությամբ կրակ է բացվել։

«Հայկական ԶՈւ ստորաբաժանման զինծառայողներն անմիջապես մոտեցել են միջադեպի տարածք, ինչին ի պատասխան ադրբեջանցի զինծառայողները կրկին կրակ են բացել: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը դադարեցվել է, իսկ անասունների մեծ մասին հաջողվել է վերադարձնել: Կրակոցների հետևանքով տուժողներ չկան»,-ասված է ՊՆ հայտարարութան մեջ: