Ինչու է Աստված մեզ պատժում․նման ղեկավար ընտրող ազգն իրավունք չունի՞ լավ ապրելու․«Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է․ «Բոլորս շատ լավ պատկերացնում էինք, որ նախընտրական փուլում քարոզարշավի ու հանրահավաքների «հոտից» խենթացած Նիկոլ Փաշինյանն իր տարերքի մեջ է ընկնելու, սկսելու է գոռալ-ծեփել-հայհոյել և ամբոխին հասու լեքսիկոնով ու ժեստիկուլյացիայով ներազդել նրա զգայարանների վրա։ Խոսքով լրացնել գործի բացակայությունը և թիրախներին խփելով՝ կոծկել իր սխալներն ու անկարողությունը։

Հասկանում էինք, որ սպառնալիքների, հայհոյանքի, գռեհկաբանության հարցերում ոչ ոք չի կարող մրցել նրա հետ, և մեր հասարակության մեջ քիչ չեն այն գռեհիկներն ու անկիրթները, վրեժով լցված ու չկայացած մարդիկ, որոնք էյֆորիայի մեջ կընկնեն նրա խոսքից և դեպի օձի երախը կամովին գնացող նապաստակների նման՝ նրան կընտրեն։

Բայց նաև փոքրիկ հույս ունեինք, որ այս 3 տարին, պատերազմը, մեր կորուստները, հանրության գրագետ հատվածի քննադատություններն ինչ-որ դեր խաղացած կլինեին։ Վարչապետի պաշտոնում նա ինչ-որ բան սովորած կլիներ։ Գիտակցած կլիներ, որ հասարակությանը պառակտելով, չարություն ու մաղձ թափելով, ատելություն ու ագրեսիա տարածելով ենք եկել-հասել 2021-ի այս տխուր հանգրվանին։

Եվ երբ հարցնում է՝ կարո՞ղ է Աստված երես է թեքել մեզնից, մի պահ կանգ կառնի ու կհարցնի՝ իսկ ինչո՞ւ է Աստված երես թեքել մեզնից։ Գուցե այն պատճառով, որ նման ղեկավար ընտրող ազգն իրավունք չունի՞ լավ ապրելու։ Գուցե այն պատճառով, որ թշնամանքը թշվառություն է ծնում, ագրեսիան՝ զոհեր, հայհոյանքը՝ չարություն, իսկ պառակտված հասարակությունը չի՞ կարող զարգանալ, ուժեղ լինել, կառուցել ու արարել։ Գուցե ա՞յն պատճառով է Աստված պատժում, որ մենք մեր ունեցածը չենք գնահատում, և այդքան երիտասարդների մահն անգամ չբարիացրեց մեզ և մեր երկրի ղեկին գտնվող անձին էլ մի պուտ իմաստնություն չբերեց»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00--ԱՀ