Դժգոհությունը միայն ԱԳՆ-ում չէ, նաև իրավապահ համակարգում. ուղղակի նրանք դեռ համբերում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Ռոբերտ Քոչարյանը պատերազմ հաղթած անձնավորություն է. նա մարդու հետ հանդիպման զենքով չի գնա: Այս մասին այսօր 24news-ի հետ զրույցում նշեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է իր հետ հանդիպման գալ զենքով:

«Դուք հավատում եք, որ Ռոբերտ Քոչարյանը մարդու հետ կարող է հանդիպման գնալ զենքո՞վ: Նա ֆիզիկապես ամուր անձնավորություն է, իրեն զենք պետք չի»,- ասաց նա:

Օսիպյանը չցանկացավ մեկնաբանել Փաշինյանի հայտարարությունը, թե պատրաստ է որդուն տալ Ադրբեջանին՝ փոխարենը 20-25 գերիների վերադարձնելով: 

«Եթե ցանկանում է, թող վերադարձնի: Եթե կարողանար, մինչև հիմա կվերադարձներ»,- նշեց նա:

Նախկին ոստիկանապետը հայտնեց՝ իշխանությունից դժգոհություն կա ոչ միայն ԱԳՆ-ում, այլև իրավապահ համակարգում, սակայն նրանք, որ ուսադիր են կրում, երդվել են, ծառայում են, իրենք թեպետ դժգոհ են, սակայն դեռ համբերում են:

--00--ԱԹ