Դատարանը Նարեկ Սարգսյանի գործով անցել է դատական քննության արագացված կարգի․«Հետք»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

1

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, երեկ՝ հունիսի 10-ին, որոշել է Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի գործով արագացված դատաքննության անցնել։ Այս մասին «Հետք»-ին հայտնել է Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը։

Ըստ աղբյուրի՝ դատական նիստի ժամանակ մեղադրողը ճառով է հանդես եկել, ու Սարգսյանի համար պահանջել 7 տարի ժամկետով ազատազրկում։ Պաշտպանական ճառ է ասել նաև Արթուր Պիվազյանը և դատարանին միջնորդել Նարեկ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը կարճել, քրեական հետապնդումը դադարեցնել, իսկ մեղավոր ճանաչելու դեպքում՝ Սարգսյանի նկատմամբ նվազագույն պատիժ սահմանել, այն պայմանականորեն չկիրառել կամ Սարգսյանին համաներմամբ ազատ արձակել։ Գործն, ըստ էության, ավարտական փուլում է։ 

Նշենք, որ արագացված կարգով դատական քննություն անցկացնելու դեպքում քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարվում: Սակայն ուսումնասիրվում են ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները:

Դատարանն արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը: Սակայն նման կարգով անցկացված դատաքննության դեպքում ամբաստանյալն իրավունք չի ունենում բողոքարկել գործի փաստական հանգամանքների վերաբերյալ դատարանի արած հետևությունները: Այսինքն՝ եթե դատարանը անձին մեղավոր է ճանաչում նրան վերագրվող արարքների կատարման համար, ապա ամբաստանյալը չի կարող այս մասով բողոքարկել դատարանի վճիռը:

Նարեկ Սարգսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով, այսինքն՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը, առանձնապես խոշոր չափով թմրանյութերի ապօրինի շրջանառության և մարդուն առևանգելը կազմակերպելու մեջ։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս