Հաշվեքննիչ պալատն աղաղակող փաստեր է հայտնաբերել հեղափոխականների թալանի մասին․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

նկար

«Հրապարակը» գրում է․ «Մինչ Նիկոլ Փաշինյանը նախընտրական շրջագայությունների ընթացքում իր բոլոր մեղքերն ու ձախողումները փորձում է բարդել նախկին «թալանչիների» վրա ու ասում, որ նրանք են զինվորի հացի ու բանակի փողը տասնամյակներ շարունակ գողացել, և հենց դրա պատճառով է, որ ունենք այն, ինչ ունենք, իսկ իրենք  թալանով չեն զբաղվում, բյուջեն չեն մսխում, Հաշվեքննիչ պալատի (ՀՊ) 2020 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվետվությունից պարզ է դառնում, որ Փաշինյանի իշխանության ներսում կոռուպցիոն դրսևորումները չեն զիջում նախկին երևույթներին։ Այսինքն՝ հեղափոխականներն էլ են աչքի ընկնում բյուջեից միլիոններ գրպանելու մեծ ախորժակով։ Նախ կարևոր է նշել, որ ՀՊ-ն ոչ թե գերատեսչությունների ծախսերն ամբողջությամբ է ուսումնասիրում, այլ դրանց մի մասը՝ ընտրովի։

Այսպիսով՝ 2020 թվականի ընթացքում վարչապետ Փաշինյանի աշխատակազմում եղել են աշխատակիցներ, ովքեր աշխատավարձից ավելի պարգևավճարներ են ստացել։ 2020-ի ընթացքում «աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով վճարվել է մոտ 2.5 միլիարդ (2 566 055 800) դրամ վարչապետի աշխատակազմին, որի շուրջ կեսը՝ որպես աշխատավարձ, իսկ մոտ 363 միլիոն դրամը` պարգևավճար, մնացածը` եկամտահարկ, արձակուրդային, տարբեր սոցվճարներ։ Պարգևավճարներն ամենաքիչը տրվել են պատերազմի մեկնարկին՝ հոկտեմբեր ամսին, պարգևատրվել է ընդամենը 1 աշխատակից՝ 294 հազար դրամով, իսկ սեպտեմբերին պարգևատրվել է 504 աշխատակից՝ ընդհանուր 56 միլիոն դրամի։ Մինչդեռ դեկտեմբերին մեծ է եղել ե՛ւ պարգևատրվողների թիվը, ե՛ւ պարգևավճարի չափը՝ 500 աշխատակից ստացել է մոտ 235 միլիոն դրամ, միջինացված հաշվարկով՝ յուրաքանչյուր աշխատակցի մոտ կես միլիոն՝ 500 հազար դրամ պարգևավճար է տրվել։ Պատերազմում կրած պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը թերևս այս ճանապարհով է որոշել կանխել թիմից արտահոսքը և իր կողքին պահել աշխատողներին։ Պալատի զեկույցում նշված է, որ աշխատավարձի չափը գերազանցող պարգևավճարը հակասում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի կետին, ըստ որի՝ այն չպետք է գերազանցի մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափը։

Պարգևավճարների հարցում նույնքան շռայլ են գտնվել նաև առողջապահության նախարարությունում, երբ նախարարն Արսեն Թորոսյանն էր, ով այսօր կառավարության աշխատակազմն է ղեկավարում։ Նա պաշտոնյաներին վճարել է ավելի քան 56 մլն դրամի պարգևավճար: Դա եղել է  Քովիդ-19 համավարակի դեմ պայքարի ծրագրերին կառավարության հատկացրած մոտ 26,5 մլրդ դրամից: Մինչդեռ, ըստ ՀՊ հաշվետվության, այդ ծրագրերով նախարարության աշխատակիցների համար պարգևավճարների գումար նախատեսված չի եղել: «Նախարարությունը, չպահպանելով կառավարության որոշումների պահանջը, 2020-ին 56 միլիոն դրամ վճարել է որպես պարգևավճար: Հաշվեքննության ընտրանքում ներառված 11 աշխատակիցների վերոնշյալ գումարից վճարվել է մոտ 15 միլիոն դրամ պարգևավճար»,- նշված է ՀՊ ուսումնասիրության մեջ:

Հինգ աշխատակցի էլ վճարվել է 14 մլն-ական դրամի պարգևավճար: Պալատը շեշտում է, որ, գործող օրենքի համաձայն, հատուկ առաջադրանքի և որակյալ աշխատանքի համար պետական ծառայողը կարող է պարգևատրվել աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից: Մինչդեռ  ուսումնասիրության արդյունքում բացահայտել են, որ պարգևատրված 22 աշխատակիցներից որևէ մեկին հանձնարարված չի եղել այնպիսի առաջադրանք, որը պարգևատրման հիմք կլիներ: Դրանից բացի, պարգևատրումը գերազանցել է օրենքով սահմանված չափը:

Մասնավորապես, փոխնախարար Լ․ Ն․-ն (Լենա Նանուշյան) մարտ-հունիս ամիսներին 4 մլն 250 հազար դրամի փոխարեն պագևատրվել է 7 մլն 349 հազար դրամով, կատարվել է մոտ 3 մլն դրամի չափով ավելի վճարում: Նման կարգով պարգևավճարներ ստացել են նախարարության այլ աշխատակիցներ ևս: Առողջապահության նախարարությունը խախտումներ է թույլ տվել նաև արձակուրդային նպաստների վճարումներում: Նույն Լ. Ն.-ն, 2020-ի արձակուրդն ամբողջությամբ չօգտագործած, ստացել է ևս երեք օր այս տարվա հասանելիք արձակուրդից և ստացել է 1 մլն 761 հազար դրամ արձակուրդային նպաստ: Պալատը նշում է, որ նրան արձակուրդից հետ կանչելիս չեն պահպանվել օրենքի պահանջները: Եղել են նաև չնախատեսված հաստիքներ, օրենքով սահմանված չափը գերազանցող աշխատավարձեր և այլ բնույթի խախտումներ:

Հաշվեքննիչ պալատն ուսումնասիրել է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ 2019-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, երբ նախարարի պաշտոնում Զարուհի Բաթոյանն էր։ Այստեղ էլ համատարած խախտումներ են հայտնաբերվել։ Օրինակ՝ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությունների արդյունքում կառույցը հայտնաբերել է, որ մի շարք մատակարարված ապրանքների քանակները կա՛մ ավել, կա՛մ նվազ են եղել պայմանագրով սահմանված չափաքանակներից: Խոր ռիսկային է համարել պայմանագրով սահմանված 220 խնամվողի համար 300 հատ բրդյա սվիտերի գնումը: 

«Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ն իր հաստիքացուցակը հաստիքային յոթ միավորով ավելի է սահմանել՝ չպահպանելով պահանջը, և դրա հետևանքով տարեկան 14,8 մլն դրամով ավելի աշխատավարձի ֆոնդ է հատկացվել: Իսկ 2019-ին մանկատանն արձանագրվել է աշխատակիցների աշխատավարձերի և հավելավճարների 5,2 մլն դրամի գերածախս: Խախտումներ ու չարաշահումներ են հայտնաբերվել նաև Վարդենիսի և Երևանի թիվ մեկ տուն-ինտերնատներում, գրեթե բոլոր տեղերում արձանագրվել է, որ կառույցների սանիտարահիգիենիկ վիճակը պարզապես անմխիթար է։

Ավելի խայտառակ փաստեր էլ կան՝ պարզվել է, որ քաղաքացին մահից 2 օր հետո պրոթեզավորվել է, պետական ծրագրերով լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ են ձեռք բերվել անձանց համար, ովքեր երկրում չեն, սրունքի պրոթեզավորման վճարները 59 հազար դրամով ավելի են եղել, քան նախատեսված է եղել մրցութային ծրագրով և կնքված պայմանագրում, 16 միլիոն դրամից ավելի գերածախս են տվել անօթևանների համար նախատեսված ծրագրով, նաև կադաստրում խախտումներով անշարժ գույքի տարբեր գործարքներ են կատարվել տուն-ինտերնատի բնակիչների անունով։ Կառույցի գնահատմամբ՝ պետությանը միայն սոցապի գծով հասցված վնասի չափը կազմել է 3.4 մլրդ դրամ: 

Կառույցը բացահայտել է նաև, որ բարձր տեխնոլոգիաների  նախարարությունը 2019-ին ՏՏ համաշխարհային համաժողովի համար ԱՏՁՄ ՀԿ-ին 750 հազար դոլարի դրամաշնորհ է փոխանցել, որպեսզի ՀԿ-ն համաժողովի մասնակիցներից հավաքված գումարներով պետբյուջեի 750 հազար դոլարը հետ փոխանցի, բայց ՀԿ-ն կառավարությանն է դիմել գումարը հետ չվերադարձնելու խնդրանքով, կառավարությունն էլ բավարարել է ՀԿ-ի դիմումը և, չգիտես ինչու, ներել է այդ գումարը։ 

Ներկայացված փաստերն ընդամենը մի քանի գերատեսչության մի քանի ոլորտային ուսումնասիրության արդյունքներն են։ Առաջիկայում կներկայացնենք Հաշվեքննիչ պալատի այլ բացահայտումներ ևս, որոնք վկայում են, որ իշխանությունների՝ կոռուպցիայից զերծ լինելու մասին խոսակցությունները լեգենդներ են՝ հյուսված մարդկանց խաբելու համար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00—ԼՄ

 

Տեսանյութեր

Live

Լրահոս