«Չենք ճանաչում ԿԸՀ որոշումը, կբողոքարկենք». Արզաքանցյանի թիմը հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

նկար

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը չի ճանաչում ԿԸՀ կողմից կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը և սա համարում է քաղաքական կողմնակալության դրսևորում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀԴԿ-ն:

Հայտարարությունը՝ ստորև.

«Կարծում ենք՝ այս որոշումը կայացվել է ճնշման ներքո, քանի որ Դեմոկրատական կուսակցությունը վերածվել է լուրջ ուժի, իսկ Տիգրան Արզաքանցյանն այս ընթացքում ձեռք է բերել այնպիսի համբավ, որ վայելում է տասնյակ հազարավոր ընտրողների վստահությունը։

Նշենք, որ կուսակցական բոլոր փաստաթղթերն ընդունվել և գրանցվել են, օրենքը հետադարձ ուժ չունի: Որոշումը շուտով կբողոքարկվի դատարանում:

Դեմոկրատական կուսակցության առաջնորդի հեռացումը կասկածի տակ է դնում հունիսի 20-ի ընտրությունների օրինականությունն ընդհանրապես։

Ակնհայտ է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նմանատիպ որոշումներ մեկ անգամ չէ, որ կայացնելու է և սա թույլ է տալիս կասկածել նաև ընտրությունների արդյունքների վերաբերյալ հետագա արդարությանը: Միասին պաշտպանենք պետությունը ցանկացած անօրինական քայլերից»:

Հիշեցնենք, որ երեկ ԿԸՀ-ն որոշում էր կայացրել չեղարկել Տիգրան Արզաքանցյանի գրանցումը որպես պատգամավորի թեկնածու:

--00—ԼՄ