Կրակոցներ՝ «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց. կա զոհ, հայտնաբերվել է մոտ 50 պարկուճ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

նկար

Հունիսի 13-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 19:15-ի սահմաններում «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնավածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Նա կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է, գրում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատ քաղաքի բնակիչ, 34-ամյա Արմեն Հովհաննիսյանն էր:  

Տաք հետքերով իրավապահները պարզել են, որ Ա. Հովհաննիսյանին հրազենային վնասվածքներ պատճառվել է Արարատի մարզի Գոռավան գյուղի գերեզմաններում՝ 2009 թվականին սպանված «օրենքով գող» Մարսոյի՝ Մարզպետունի Պետրոսյանի գերեզմանի դիմաց տեղի ունեցած կրակոցների հետևանքով:  

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր հրազեններից արձակված 50-ից ավելի պարկուճներ, ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի բազմաթիվ հետքեր, արնանման հետքեր: Տեղում ուժեղացված ծառայություն է իրականացվում։  

Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի, և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ստեղծվել քննչական խումբ:  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, սպանություն կատարող անձին, դեպքի մասնակիցներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:  

Ըստ աղբյուրի՝ սպանվածը տարիներ առաջ սպանության փորձի հեղինակ է եղել: 

--00—ԼՄ