Ընտրարշավը վերածվել է անձերի միջև պայքարի․ Արա Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

թեքեյան

Թեքեյան կենտրոնում տեղի է ունեցել «Ազգային օրակարգ» կուսակցության պատգամավորության թեկնածուների հանդիպումը ընտրողների հետ: Այս մասին հայտնում է կուսակցության հանրային կապերի բաժինը:

«Կուսակցության խորհրդի նախագահ, ընտրացուցակի առաջին համարը զբաղեցնող Արա Հակոբյանը հայտարարեց, որ ընտրարշավը վերածվել է անձերի միջև պայքարի և փաստորեն կողմերի ծրագրային դրույթները հիմնականում այդ լույսի ներքո են ներկայացվում: Նա ասաց, որ այս ընտրությունների արդյունքներով առկա խնդիրները չեն լուծվելու, բայց սա կարող է սկիզբ դառնալ անհրաժեշտ ուղղությամբ արդյունավետ գործողությունների:

«Ազգային օրակարգը» մերժում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ այն որակելով ապազգային և հակապետական: Այն ժամանակ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան Հայոց պետականության և հայկական բռնազավթված կենսատարածքի վերականգնման հետ կապված հարցերում կունենան մեզ համար ընդունելի դիրքորոշում, այն ժամանակ էլ միայն կարելի կլինի քննարկել հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ օրակարգը: Ներկա պայմաններում այդպիսի ապաշրջափակումը կնշանակի բացի թուրք-ադրբեջանական ռազմական առավելությունից նաև Հայաստանի տնտեսական զավթում: Նշվածը թույլ չտալու համար հակահայ հայտարարությունների կասեցումը պետք է զուգորդվի ազգային իշխանության ձևավորվմամբ, արտաքին գործընկերների հետ ռազմավարական հարաբերությունների վերակազմակերպմամբ, մրցունակ տնտեսության կառուցմամբ, ազգային բանակի արդիականացմամբ, ինչպես նաև գիտակրթական համակարգի վերափոխմամբ։

Մեր հույսը Հայն է և ըստ այդմ՝ օրակարգում Հայն է»,- ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

 --00—ՄՀ