Նախկիններն ու ներկաները սպառնալիքով փորձում են հանցավորության նժարի ծանր կողմում հայտնվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

բևեռ

Ակնհայտ էր, որ այս նախընտրական գործընթացը հագեցած էր լինելու  վերջին երեք տասնամյակի ընթացքում ձևավորված,  իր աղետալի գագաթնակետին հասած, քաղաքական հակամշակույթի արատավոր դրսևորումներով: Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Կարևոր ենք համարում նշել, որ, մեծապես, պայմանավորված նախընտրական գործընթացի կուլմինացիոն փուլով,  վերոնշյալ արատավոր դրսևորումներն ավելի մեծ թափ են հավաքում:

Մտահոգեցնող լուրեր են շրջանառվում այն մասին, որ, մասնավորապես, Լոռվա մարզի   Վանաձոր և  Տաշիր քաղաքներում մարզպետարանի և քաղաքապետարնների աշխատակիցները փորձում են սպառնալիքների և պարտադրանքի գործադրմամբ ուսուցիչներին ընդգրկել ընտրական խարդախությունների մեջ՝ սպառնալով հաշխատանքից ազատմամբ:

Այս դատապարտելի գործունեության հարցում ևս նախկիններն ու ներկաները կարծես թե չեն զիջում միմյանց և սպառնալիքի գործադրման միջոցով փորձում են հանցավորության նժարի ծանր կողմում հայտնվել՝  ի շահ իերնց կուսակցական  պարագլուխների համար քվե կորզելու:

Սատար կանգնելով հարազատ ժողովրդին, հայտնում ենք, որ նման քայլերն անհետևանք չպետք է մնան և հորդորում ենք նման խոչընդոտների բախվելու դեպքում անպայմանորեն դիմել Ազգային-Ժողովրդավարական բևեռի խորհրդին:

Սիրելի հայրենակիցներ,

մենք չպետք է հանդուրժենք մեր իրավունքների դեմ ուղղված  որևէ ոտնձգության փորձ:

Ո՛չ նախկին, ո՛չ ներկա՝ ազգային ապագա»:

--00—ՄՀ