Սերժ Սարգսյանի հրապարակած թիվը անհետ կորածների իրական թիվը չէ. Վարուժան Ավետիքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

նկար

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նախագահ Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկ արված հայտարարությանը, թե անհետ կորած զինծառայողների հրապարակված թիվն իրական չէ:

«Երեկ 3-րդ Նախագահը հրապարակեց նամակս ուղղված Փոխվարչապետին և Սոց.ապ. նախարարին:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը պատերազմից հետո մեկնարկեց անհայտ բացակայող ու ծանր վիրավորում ունեցող զինծառայողների ժամանակավոր «Կամուրջ» ֆինանսավորման ծրագիրը Կառավարության տրամադրած 1 միլիարդ դրամի հիման վրա: Նախագահի կողմից հրապարակված նամակը տրամադրված գումարների ծախսման վերաբերյալ հաշվետվություն էր: Որոշ օգտատերեր և սոց. ալիքներ նամակը մեկնաբանեցին որպես գաղտնի: Դա այդպես չէ, քանզի հաշվի առնելով գործունեության հրապարակայնության ու թափանցիկության սկզբունքները, հիմնադրամը մշտապես իր սոց. մեդիայի էջերում ու պաշտոնական կայքում հրապարակել է «Կամուրջ» ֆինանսավորման շրջանակներում դեպքերի քանակը, գումարները, նույնիսկ զինծառայողների անունները: Այսօր էլ այդ տեղեկատվությունը բաց է համընդհանուր ծանոթացման համար Հիմնադրամի պաշտոնական կայքում: Այստեղ տեղադրում եմ նաև պաշտոնական թարմացումների սքրինշոթերը:

Իսկ սա կայքի հղումն է՝ https://www.1000plus.am/hy/%D5%AF%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82%D6%80%D5%BB

Գալով 1064 թվին:

Հրապարակված թիվը ցույց չի տալիս անհայտ կորածների թիվը: Այլ, այն ցույց է տալիս թե Հիմնադրամը «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրի ներքո քանի ընտանիքների է ֆինանսապես աջակցել, որոնց զինծառայողները ինչ որ պահի համարվել են անհայտ կորածներ կամ նրանց գտնվելու վայրի վերաբերյալ ստույգ տեղեկություններ առկա չեն եղել: Ինչպես ես նշել եմ իմ մի շարք հարցազրույցներում, այդ թիվը ամեն շաբաթ նվազել ու նվազում է, քանզի բազմաթիվ հերոսների մասունքներ նույնականացվել ու հուղարկավորվել են, իսկ որոշ զինծառայողներ բարեբախտաբար նույնիսկ հայտաբերվել են:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը մշտապես հանրության տեղեկացրել է իր կատարած հատուցումների մասին ու եղել է, կա ու կմնա թափանցիկ ու հաշվետու»։

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին նախագահը երեկ փաստաթուղթ էր հրապարակել, որում նշված էր, որ անհետ կորածների իրական թիվը 1064 է: Ժամեր անց ՀՀ քննչական վարչությունը պատասխանեց պաշտոնաթող նախագահին՝ նշելով, որ պատերազմի ընթացքում անհետ կորածների իրական թիվը 275 է:

--00—ԼՄ