Ոստիկանական ցանկացած ապօրինության համար պատասխանատվություն է կրում ոստիկանապետը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Հասարակական

Ոստիկանական ցանկացած ապօրինության համար անձնական պատասխանատվություն են կրում ոստիկանապետ Վահե Ղազարյանը և ոստիկանության ղեկավար կազմը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը։
 
«Երեկ Եղեգնաձորում ոստիկանության ծառայողներն ակնհայտ ապօրինի ու անհամաչափ ուժ են գործադրել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ: 
 
Այսօր տեղեկացել ենք, որ ոստիկանության ծառայողները Եղվարդում առանց որևէ պատշաճ հիմքի բերման են ենթարկել մեր թիմակիցներին՝ մի քանի ժամ պարալիզացնելով քարոզչական աշխատանքները: Չնայած ոստիկանությունից ստացած հավաստիացումների, որ քաղաքական պատվերներ չեն կատարելու ու ընտրական  մրցակցությունը չեն խախտելու վերջին օրերի իրադարձությունները լրիվ այլ իրավիճակի մասին են վկայում: Ստեղծված պայմաններում կա՛մ ոստիկանության ղեկավար կազմը չի տիրապետում իրավիճակին, կա՛մ ուղղակի մասնակցում է ապօրինությունների կատարմանը:
 
Զգուշացնում ենք, որ այսուհետ ոստիկանական ցանկացած ապօրինության համար անձնական պատասխանատվություն են կրում ոստիկանապետ Վահե Ղազարյանը և ոստիկանության ղեկավար կազմը: Դրանից ելնելով մենք կկատարենք համապատասխան հետևություններ»,-ասված է հայտարարության մեջ:

--00--ԿԿ