Երևանում քաղաքացին վեճի է բռնվել երկու պատահական անցորդի հետ և երկուսին էլ դանակահարել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Հունիսի 14-ին, ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում նույն դեպքի վերաբերյալ երկու տարբեր բժշկական կենտրոններից ահազանգեր ստացվեցին։ Մարմնի ծակած-կտրած վերքերով երկու երիտասարդ էին բուժօգնության դիմել։ Հովսեփյան և Մանանդյան փողոցների խաչմերուկում նրանց դանակահարել էին։

Տուժողները չէին ճանաչում իրենց մարմնական վնասվածք պատճառողին։ Նրա հետ պատահաբար էին վեճի բռնվել։

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։

Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեց, և հետևողական աշխատանքի շնորհիվ դեպքից մեկ օր անց պարզվեց կասկածյալի ինքնությունը:

Բաժնի քրեական հետախույզները և ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները համատեղ միջոցառումներով պարզեցին, որ տուժողներին դանակահարել էր Մանանդյան փողոցի մի անչափահաս բնակիչ։

Բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 15-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Շենգավիթի բաժին և խոստովանեց կատարածը։
Հանգամանքները պարզվում են։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է։

--00--ԿԿ