ԱԱՏՄ ղեկավարը կարևորել է մասնավոր հատվածի հետ մշտական կապի պահպանումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

ԱԱՏՄ

Առցանց հարթակում կայացել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի (РАИТ СНГ и Монголии, RALI) հերթական խորհրդաժողովը՝ Հայաստանի ներկայացուցիչ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի նախագահությամբ։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից:

Այսօրվա հեռավար հանդիպման օրակարգում աշխատանքային օրենսդրության պահանջների առավել տարածված խախտումներն ու տեսչական գործունեության ընթացքում հաճախակի հանդիպող խնդիրներն էին։

Խորհրդաժողովին մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը, ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի անդամ երկրների, արհմիությունների ներկայացուցիչներ։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն իր ողջույնի խոսքում կարևորել է մասնավոր հատվածի հետ մշտական կապի պահպանումը և պետություն-մասնավոր հատված երկխոսությունը, ինչ նպատակով էլ որպես նախագահող երկիր ԱԱՏՄ-ն նախաձեռնել է Դաշինքի անդամ երկրների հասարակական հատվածի հետ առաջին հանդիպումը։

«Կարծում եմ, որ մի բան բնորոշ է բոլոր երկրներին՝ մշտապես պահել կապը մասնավոր հատվածի հետ և ուժեղացնել երկխոսությունը հասարակական սեկտորի հետ, որպես պետական կառույց լսելի լինել հանրության համար, դրանով նպաստել է՛լ ավելի լավացնելու պետական կառույցների գործունակությունը»,- ասել է Հ. Ավագյանը։

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։ Նա կարևորել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2021 թ.-ին վերոնշյալ դաշինքի նախագահության ստանձնումը և ոլորտային համագործակցությունը, մասնավորապես, հասարակական կազմակերպությունների ու սոցիալական գործընկերների ներգրավվածությունն աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողության և աշխատանքային իրավունքների պաշտպանության իրավակարգավորումների մշակման գործընթացում։

Կողմերը պայմանավորվել են մշակել հուշագրի նախագիծ՝ միգրանտ աշխատողների (այդ թվում` ՀՀ- ից արտագնա աշխատանքի մեկնածների) աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով անդամ երկրների աշխատանքային տեսչությունների միջև արագ արձագանքման համատեղ մեխանիզմների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ 2020 թվականի վերջին Հայաստանը ստանձնել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի (РАИТ СНГ и Монголии, RALI) 2021թ.-ի նախագահությունը: Դաշինքի լիիրավ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս