ՊԵԿ-ը ԱՄՀ-ի հետ կհամագործակցի հարկային և մաքսային օրենսդրության բարելավման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Հասարակական

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային և 2021թ. օգոստոսից ԱՄՀ-ի մշտական ներկայացուցչի պարտականությունները ստանձնող Մեհդի Ռաիսսիին:

ՊԵԿ-ից հայտնում են, որ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ Պետական եկամուտների կոմիտեի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև գործընկերական համագործակցությունն ունի երկար տարիների պատմություն, ինչը կոմիտեի համար դարձել է միջազգային լավագույն փորձի փոխանակման յուրօրինակ աղբյուր:

«Պետական եկամուտների կոմիտեն կարևորում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ երկկողմանի համագործակցությունը հարկային և մաքսային ոլորտներում, որի արդյունքում իրականացվել են մի շարք տեխնիկական աջակցության ծրագրեր` ուղղված հարկային վարչարարության ռազմավարական ընտրությանը, հարկային կարգապահության բարելավմանը, հարկային կարգապահական ռիսկի կառավարման ռազմավարության զարգացմանն ու իրականացմանը և մի շարք այլ կարգավորումներին: Արդյունքում՝ ներդաշնակեցվել և կանխատեսելի է դարձել հարկային և մաքսային ռազմավարությունը, վարչարարությունը ու հարկային դաշտը»,- ընդգծել է կոմիտեի ղեկավարը:

Կողմերը քննարկել են 2021թ. ապրիլին ԱՄՀ-ի գարնանային հանդիպումների շրջանակում նախանշված համագործակցության ուղղությունները: Մասնավորրապես՝ անդրադարձ է կատարվել անուղղակի եղանակներով հարկման բազաների և հարկային պարտավորությունների, շահութահարկի ու եկամտային հարկի ճեղքի գնահատմանը, ինչպես նաև միջազգային հարկմանը և շահույթի տեղաշարժին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը հարկային և մաքսային օրենսդրության, ինչպես նաև էլեկտրոնային վարչարարության բարելավման ուղղությամբ, ինչն էլ կնպաստի հարկային և մաքսային ոլորտում երկկողմանի հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:

--00--ԿԿ